Նոր Զելանդիան հրապարակել է ՉԹՕ-ների մասին 55 տարվա գաղտնի տվյալները
Նոր Զելանդիան հրապարակել է 1954– 2009 թթ. ընթացքում հավաքված փաստաթղթեր, որոնք տեղեկություն են պարունակում ՉԹՕ–ների մասին։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
Փաստաթղթերում առկա են թռչող ափսեների և այլմոլորակայինների նկարներ, որոնց իբրև տեսել են Նոր Զելանդիայի տարածքում, ինչպես նաև «եկվորների» նամակների օրինակներ, զինծառայողների, քաղաքացիական օդաչուների, իշխանությունների ներկայացուցիչների և տեղի բնակիչների վկայություններ։ Արխիվում ընդհանուր առմամբ կա մոտ 2000 էջ նյութ։
Պարզվում է, որ նորզելանդացիներին առավել շատ հետաքրրքել է 1978թ. Կայկուրա քաղաքի վրա «սփռված» լուսային երևույթը, որը նկատել էր բեռնատար ինքնաթիռի օդաչուն։ Երկրից նկատելի են եղել ուղիղ էլիպսի կառուցվածքով կրակների շարանները։
Օպերատորը կարողացել է այն տեսագրել։ Ինքնաթիռի անձնակազմը, չճանաչված թռչող օբյեկտի գոյության մասին հաղորդելուց հետո, ուղևորվել է դրա ուղղությամբ։ Կրակները անհետացել են, ապա նորից հայտնվել։
Այդ ժամանակվա պաշտոնական զեկույցում եզրահանգում է արվել, որ դա ինչ-որ բնական երևույթ է, Նոր Զելանդիայի պաշտպանության գերատեսչությունը, սակայն, ենթադրել է, որ երկնքում նկատվել են նավերի արտացոլված լույսերը կամ Վեներա մոլորակի ցոլքերը։ Պարզվում է, որ այս դեպքը հետաքրքրել է նույնիսկ վարչապետ Ռոբերտ Մալդունին։
Հիշեցնենք, որ 2010թ. փետրվարին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը գաղտնազերծեց ՉԹՕ–ներ նկատելու դեպքերի մասին գաղտնի նյութերի հերթական «բաժինը». 24 գործերը բաղկացած էին ավելի քան 6000 էջից և ընդգրկում էին 1994–2000-ական թվականները։










