Skype–ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել աշխատանքի խափանման համար
Ամեն օր Skype–ով իրականացվում է մոտ 20 մլն հեռախոսազանգ։ Չորեքշաբթի օրը Եվրոպայի, Ճապոնիայի, Հյուսիսային Ամերիկայի՝ Skype –ի միլիոնավոր բաժանորդներ չեն կարողացել միանալ ծառայությանը։
Հաճախորդների կողմից իր հուսալիության համար բարձր գնահատվող այս ծառայության նմանօրինակ խափանում վերջին անգամ տեղի էր ունեցել 2007–ին։
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր ծառայության աշխատանքների այսպիսի խափանումներին և ներողամտություն ենք հայցում պատճառած անհարմարությունների համար,– BBC–ին տված հարցազրույցում հայտնել է Skype–ի գործադիր տնօրեն Թոնի Բեյթսը և հավելել,– Մենք շատ մանրակրկիտ աշխատում ենք այս խնդրի շուրջ և փորձում շտկել իրավիճակը»։
Twitter–ի իր էջում Skype–ի ղեկավարությունը բացատրել է ծառայության աշխատանքների խափանման պատճառները։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Skype–ը ցանց է, որը գործում է ամբողջ աշխարհով համակարգիչների և հեռախոսների միջև միլիոնավոր անհատական միացումներով, որոնց մի մասը՝ այսպես կոչված «սուպերհանգույցները», այս ցանցում գործում են որպես հեռախոսային գրքույկներ, և ահա այս «սուպերհանգույցների» մի մասն էլ հենց դուրս էր եկել շարքից ՝ Skype–ի որոշակի տարբերակների հետ անհամատեղելիության պատճառով, ինչը և հանգեցրել էր կապի խափանման։










