2010թ. մարդիկ խնայել են և փնտրել սոցիալիզմ. հայտնի են տարվա ամենապահանջված բառերը

09:20 • 23.12.10

Austerity (խիստ խնայողություն) անգլերեն բառը դարձել է 2010թ. գլխավոր բառը` ըստ ամերիկյան Webster հնագույն բացատրական բառարանի խմբագրության: Այս հասկացությունն ամենապահանջվածն է եղել զանգվածային լրատվամիջոցներում եվրոպական պարտքային ճգնաժամի ընթացքում, որից հետո Հին աշխարհի բոլոր երկրների կառավարությունները հայտարարել են բյուջետային ծախսերի կրճատման մասին:

Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, տարվա մյուս հայտնի բառերն են դարձել moratorium-ը (ժամանակավոր արգելք), socialism-ը (սոցիալիզմ) և bigot-ը (մոլի երկրպագու): Հիշեցնենք, որ 2009թ. ամենատարածված բառ էր ճանաչվել admonish-ը, որը նշանակում է ճիշտ ուղու վրա դնել, համոզել կամ նախազգուշացնել:

Իսկ 2008թ. ամենատարածված բառը bail out-ն էր` փրկություն ֆինանսական դժվարություններից:

Բառային վարկանիշի հեղինակները նշում են, որ 2010թ. ավելի պահանջված են եղել այն բառերը, որոնք հնչել են լուրերի թողարկումների ընթացքում կամ արտասանվել քաղաքական գործիչների կողմից, մինչդեռ նախկինում հասարակության մոտ ավելի լայն արձագանք էին գտնում ինտերնետային ու օնլայն խաղերի անծանոթ հասկացությունները:

2010թ. մարդիկ խնայել են և փնտրել սոցիալիզմ. հայտնի են տարվա ամենապահանջված բառերը