Apple-ը շարունակում է պայքարել Սթիվ Ջոբսի պատկերով խաղալիքների դեմ
Apple կորպորացիան խոշոր ինտերնետ–աճուրդ eBay–ի ադմինիստրացիայից պահանջել է վաճառքից հանել ընկերության նախագահ Սթիվ Ջոբսի պատկերով խաղալիքները, հաղորդում է Digital Trends-ը։
Նախկինում Apple–ի փաստաբանները հասել էին այն բանին, որ դադարեցվի չինական M.I.C Gadget ընկերության կողմից արտադրվող և 79 դոլարով վաճառվող խաղալիքը։
Խաղալիքը իրենից ներկայացնում է Apple–ի տնօրենին՝ iPhone–ը ձեռքին, ընկերության լոգոյով պատկերված սպիտակ պատվանդանի վրա։ Արտադրողների կարծիքով Ջոբսը «մի փոքր սարսափելի է ստացվել, բայց միևնույն է հիանալի է»։
Apple–ի նախագահի խաղալիքին «հագցրել են» դասական սև վերնաշապիկ, Levi's 520 ջինս և New Balance–ի մարզակոշիկներ։ Առաջին 300 խաղալիքները վաճառվել են մի քանի օրում, սակայն M.I.C Gadget–ը անսպասելի հայտարարել է, որ դադարեցնում է արտադրությունը։
Արգելքից հետո կոլեկցիոներների մոտ խաղալիք Ջոբսի պահանջարկը կտրուկ աճել է։ Չինական M.I.C Gadget արտադրության նմանատիպ խաղալիքներից մեկը վերջերս վաճառվել է eBay–ի աճուրդում 2.5 հազար դոլարով։
Այս շաբաթ կանադական արտադրողներից մեկը հայտարարել է, որ eBay–ի արտադրած Ջոբսի հազվադեպ հանդիպող խաղալիքը վաճառել է 1.125 հազար դոլարով, սակայն աճուրդը չեղյալ է հայտարարել գործարքը՝ բացատրելով դա Apple–ի բողոքով։
Apple–ը իր պահանջները հիմնավորում է Կալիֆորնիայի Քաղաքացիական օրենսգրքի 3344–րդ հոդվածով, ըստ որի արգելվում է օգտագործել ցանկացած մարդու անուն, նկարը կամ արտաքինը որևէ արտադրանքի վրա՝ առանց այդ մարդու հետ նախնական համաձայնության։










