Հայաստանում բջջային կապի ծառայություններից օգտվում է 2 մլն 770 հազար բաժանորդ
Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների թիվը ներկայումս կազմում է ավելի քան 620 000։ Այդ թվում՝ բաժանորդներից 530 000-ը Երևանում են։ Ներկայումս Հայաստանում կապի ոլորտում գործունեություն ծավալող երեք օպերատորների մատուցած բջջային կապի ծառայություններից ռեալ օգտվում է 2 մլն 770 հազար բաժանորդ:
Այս թվերն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը՝ նշելով, որ այս տարի ոլորտում նկատվում է արդի տեխնոլոգիաների ինտենսիվ ներդրում։ Այդ թվում՝ ընդլայնվում են 3G ստանդարտով գործող համակարգերը՝ հանրապետության ողջ տարածքում ապահովելով 100% ծածկույթ։ Միաժամանակ նկատվում է սակագնային քաղաքականության ճկուն կիրառում՝ գործնականում ապահովելով նվազագույն սակագներ և համընդհանուր հասանելիություն։
Ներկայումս աշխատանքներ են իրականացվում հանրապետության տարածքում 4G ստանդարտի տեխնոլոգիաների ներդրման և գործող համակարգերի տեխնիկական վերազինման մասով:










