Google-ը ցուցադրել է աշխարհի ամենամեծ սմարթֆոնը

17:33 • 24.12.10

Google ընկերությունը ներկայացրել է աշխարհում մեծությամբ առաջին սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Այս հսկա մոդելը` Nexus S-ը, որն ունի 42 դյույմանոց սենսորային էկրան, տեղադրվել է Սան Կառլոս փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյից 30 կմ հեռավորությամբ: TechCrunch տեխնոբլոգի փոխանցմամբ` այս հսկա հեռախոսը նախատեսված է Best Buy էլեկտրոնիկայի սուպերմարկետում հաճախորդներին գրավելու համար:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, այս սարքն, ի տարբերություն նախորդ տարի ցուցադրված Nexus One-ի, որը միայն կարողանում էր տեսահոլովակներ նվագարկել, համալրված է բազմաթիվ ֆունկցիաներով: Այն կարողանում է նկարել, թույլ է տալիս օգտվել ինտերնետից և գնումներ կատարել Android Market օնլայն-խանութից:

Google-ի ներկայացուցիչների խոսքով` եթե հսկա սմարթֆոնը հաջողությամբ անցնի «փորձությունը», օրինակ` չարաճճի երեխաները չկոտրեն էկրանը, ապա այն կցուցադրվի Best Buy-ի այլ խանութներում ևս:

Nexus S-ի` Android 2.3 (Gingerbread) օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնի թողարկումը եղել է ս.թ. դեկտեմբերի սկզբին: Սարքն ունի 4 դյույմանոց սենսորային էկրան, 16 ԳԲ ներդրված հիշողություն և ARM Cortex A8 պրոցեսոր: Հեռախոսը համալրված է նաև Wi-Fi-ով, Bluetooth 2.1-ով և 5 մեգապիքսելանոց տեսախցիկով:

Google-ը ցուցադրել է աշխարհի ամենամեծ սմարթֆոնը