Google-ը և ԱՄՆ–ի հակաօդային պաշտպանությունը կհետևեն Սանտա Կլաուսի թռիչքներին
Google ինտերնետ–կորպորացիան և Հյուսիսային Ամերիկայի հակաօդային ուժերի միացյալ ղեկավարությունը՝ NORAD, Սուրբ Ծննդյան նախօրեին սկսել են հետևել Սանտա Կլաուսի տեղաշարժին։
Ինչպես տեղեկացնում է NORAD–ը, դեկտեմբերի 24–ին, Հյուսիսային բևեռից օդ է բարձրացել կախարդական սահնակ, որը բեռնված է ավելի քան 60 հազար տոննա նվերներով 2 միլիարդ երեխաների համար։
Սանտայի ճանապարհորդությանը կարող են հետևել բոլոր ցանկացողները NORAD–ի հատուկ կայքում, իսկ նրա գտնվելու կոնկրետ վայրը հասանելի է մի քանի ծառայությունների միջոցով, ինչպիսին է, օրինակ, Google Maps–ը (դրա համար անհրաժեշտ է որոնում կատարել Santa NORAD բառերով)։Սանտա Կլաուսի կախարդական սահնակի ճանապարհորդությանը կարելի է հետևել նաև Facebook –ում և Twitter–ում։
Սանտային հետևելու ավանդույթը գալիս է 1955թ–ից, երբ Sears Robebuck & Co թերթը հրապարակեց Սանտայի հեռախոսահամարը, որով երեխաները կարող էին նրան զանգահարել։ Սակայն թերթում տեղի ունեցած վրիպակի պատճառով երեխաները զանգահարում էին ռազմաօդային ուժերի մայրցամաքային ղեկավարություն (CONAD)՝ NORAD–ի նախորդին։ Քանի որ զանգերի քանակը մեծացել էր, զինվորականները սկսեցին երեխաներին տեղեկատվություն տալ Սանտայի գտնվելու վայրի մասին, որը նրանք իմանում էին իրենց ռադարներից։ Google–ը միացել է այդ ավանդույթին 2004թ., իսկ 2007թ. դարձել է NORAD–ի գործընկերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան Կանզաս Սիթի քաղաքում երևացել է տարօրինակ Սանտա Կլաուս՝ շրջապատված ոստիկաններով և էլֆերով, որը աղքատ թաղամասերի բնակիչներին 100 դոլլարանոց թղթադրամներ էր բաժանում։










