Facebook-ը աշխարհի 3-րդ խոշոր կայքն է
Facebook սոցիալական կայքը դարձել է աշխարհում երրորդ խոշոր կայքը։ comScore հետազոտական խմբի զեկույցի համաձայն՝ այս տարվա նոյեմբերին Facebook այցելել է 648 մլն այցելու։ Այս մասին հայտնում է Корреспондент.net–ը
comScore–ի տվյալներով՝ Facebook–ն այսպիսով դուրս է մղել Yahoo ինտերնետ կորպորացիայի ծառայությունները, որոնք այժմ միայն 4–րդ տեղն են զբաղեցնում և 630 մլն այցելու են ունեցել։
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին Facebook և Yahoo կայքեր այցելել էին հավասար թվով օգտվողներ՝ 633 մլն մարդ։
Երկրորդ և առաջին տեղերը, ինչպես նախկինում, զբաղեցնում են Microsoft օնլայն ծառայությունների կորպորացիան՝ 869 մլն այցելու, և Google–ը՝ 970 միլիոն այցելու։
Facebook–ն աշխարհում 4–րդ խոշոր կայքը դարձավ մեկուկես տարի առաջ, շուտով, սակայն, առաջ անցավ Yahoo–ից դիտված էջերի քանակով։
Այժմ Facebook-ում է զետեղվում ԱՄՆ–ում բոլոր գովազդային հայտարարությունների մեկ քառորդը։ Այս ցուցանիշը երկու անգամ գերազանցում է Yahoo–ի ցուցանիշը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook–ի ենթադրվող շուկայական արժեքը վերջին 5 ամսվա ընթացքում աճել է ավելի քան 50 տոկոսով։ Ինչպես գրում է Financial Times–ը, այդ ժամանակահատվում Facebook–ի ենթադրվող արժեքը 26,4 մլրդ դոլարից հասել է 41,2 մլրդ դոլարի։










