Հայաստանի 25 գիտական խմբեր Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամից դրամաշնորհ կստանան

21:46 • 27.12.10

Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամը (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund – ANSEF) հայտարարել է 2011թ. դրամաշնորհները, որոնց հերթական անգամ արժանացել են Հայաստանում աշխատող 25 գիտական խմբեր: Հիմնադրամի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀԱԳԿՀ հանձնաժողովն ավարտել է ստացված 161 հայտերի երեք ամիս տևած քննությունը և 40 գրախոսողների կարծիքների հիման վրա ընտրել է 25 լավագույններին:

Նրանց մեջ են 18 խմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներից (այդ թվում 5` Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից, 4` Բյուրականի աստղադիտարանից, 3` Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից), 6` Երևանի պետական համալսարանից և 1` Հայկական պետական ճարտարագիտական համալսարանից:

ՀԱԳԿՀ հիմնվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից, գործում է Հայ օգնության հիմնադրամի շրջանակներում և սկսած 2001թ. տարեկան 25 դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին, յուրաքանչյուրին` 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Առ այսօր, տրամադրվել է ավելի քան 250 դրամաշնորհ և նրանցից օգտվել է ավելի քան 500 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտնականներ:

 

Հայաստանի 25 գիտական խմբեր Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամից դրամաշնորհ կստանան