Սերժ Սարգսյանից կպահանջեն չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների նախագիծը
Նախագահական նստավայրի դիմաց վաղը, ժամը 18–ին տեղի կունենա բողոքի ցույց` օտարալեզու դպրոցների դեմ վերաբացման դեմ շարժմանը միացած մտավորականների, հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ։ Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին կփոխանցեն նախօրոք հարյուրավոր մարդկանց կողմից ստորագրված պահանջագիրը` չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովն ընդունել է դեկտեմբերի 22-ին:
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որով կոչ է անում «խնդրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել բողոքի այս կարևորագույն միջոցառմանը»: «Անցած 8 երկարուձիգ ամիսների ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու` իշխանությունների ծրագրի կապակցությամբ իրենց անհամաձայնությունն այս կամ այն կերպ արտահայտել են հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը գոնե մեկ անգամ մասնակցել են բողոքի ակցիաներին: Հասել է մեկտեղվելու և մեր իրական ուժն ու վրդովմունքը արտահայտելու ժամանակը։ Սերժ Սարգսյանին պետք է ի վերջո ցույց տալ, թե ինչ ուժի դեմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը, ում բողոքն է պատրաստվում արհամարհել նա` ստորագրելով այդ դավաճանական փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թե ակադեմիկոս, երաժիշտ, թե հրապարակախոս, գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախոս. բոլորս պարտավոր ենք այդ օրը, այդ ժամին լինել Բաղրամյան 26-ում` անգամ հաշվի չառնելով` մեր գործողություններն արդյունքի բերելու են, թե ոչ: Սա տեսակի առանձնացման խնդիր է»,– ասված է հաղորդագրության մեջ։










