Բանկոմատի, ֆենի և այլ գյուտերի հեղինակներն ամերիկահայեր են. ներկայացվեց «Ամերիկահայության ներդրումը ԱՄՆ-ում» գիրքը
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Էմիլ Աբրահամյանը և Տիգրան Խզմալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին 20–րդ դարում հայերի ձեռքբերումներն ու գյուտերը գիտության ասպարեզում։
Ինչպես տեղեկացրեց Տիգրան Խզմալյանը, վերջերս Լոս-Անջելեսում հրատարակվել է արվեստագետ և հրապարակախոս Ստեփան Պարթամյանի հեղինակած «Ամերիկահայության ներդրումը Միացյալ Նահանգներում» գիրքը, որտեղ ներկայացվել են 20-րդ դարի ԱՄՆ հայկական համայնքի գիտնականների, գյուտարարների ամենանշանավոր հայտնագործություններն ու գյուտերը: «Գիրքը մեկ անգամ ևս արձանագրում է, թե ինչ ներուժ ունի հայ ժողովուրդը, եթե ապրում և արարում է ազատության, արդարության ու օրինականության պայմաններում»,– ասաց նա:
Ընդ որում, գրքում արտացոլված են նաև ԱՄՆ արտոնագրային գործակալության կողմից ճանաչված այդ գյուտերի պաշտոնական արտոնագրերի համարներն ու գրանցման տարեթվերը, ինչն էլ ավելի է արժևորում այդ աշխատությունը: Բանախոսների ներկայացրած գյուտերը ներկայացվում են ստորև.
Միացյալ Նահանգներում հայ ճարտարագիտական մտքի առաջին արտոնագրված նմուշ է հանդիսանում 1908 թվականին ներկայացված և 1911 թվականին պաշտոնապես գյուտ ճանաչված Գաբրիել Կազանջյանի մազերի չորացման սարքը` այսօր համընդհանուր տարածում գտած «ֆենը»:
Տեխնիկական հեղափոխության իսկական հերոս կարելի է համարել Ցեղասպանությունից հրաշքով փրկված Ասատուր Սարաֆյանին, որն Ամերիկայում հայտնի է որպես Օսկար Բենկեր` առասպելական այն ճարտարագետը, ով հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը: 1931 թվականին 1.795.464 համարով արտոնագրված այս գյուտն 1940 թվականից կիրառվել է ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենայում:
Նույն Բենկեր-Սարաֆյանին են պատկանում ավտոսիրողներին քաջ հայտնի բենզինային պոմպի, ինչպես նաև ավտոյուղի չափիչի գյուտերը:
ԱՄՆ կառավարության կողմից Ասատուր Սարաֆյան-Բենկերի ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի` Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը, և բազմագույն տպիչ սարքը։
Մեկ այլ գյուտարար` Արթուր Բուլբուլյանը, 1944 թվականին ստացավ թիվ 2.348.108 արտոնագիր ամերիկյան օդուժի համար խիստ անհրաժեշտ օդաչուների թթվածնային դիմակ պատրաստելու համար:
Ամենամեծ համբավ և տարածում ստացած գյուտերից է հանրահայտ Ալեք Մանուկյանի նորամուծությունը` յուրահատուկ տեսակի ջրի ծորակը, որը 1969 թվականից կիրառվում է աշխարհում:
Համաշխարհային մեծ տարածում ստացավ քչերին հայտնի Ստեփան Ստեփանյանի բեռնատարի թափքի վրա բետոնխառնիչ տեղադրելու գաղափարը, որը հեղափոխեց և խթանեց շինարարական արդյունաբերությունը:
Արժե հիշատակել աստղաբաշխական քանակով արտադրվող Արտաշես Հայկանյանի հեղուկ խմիչքների համար ճկուն անկյունով ծղոտը, կամ «կոկտեյլի փայտիկի» գյուտը (1980 թվական, թիվ 4.216.801 արտոնագիր):
Դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը առանց դրամաբաշխային սարքերի, հանրահայտ «բանկոմատի», որի գյուտը պատկանում է Լյութեր Սիմիջյանին։ Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ` 1965 թվականին` մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը:
1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է կոմպյուտերային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը, ինչը հեղափոխություն կատարեց բժշկության ոլորտում։
Այսօր միլիոնավոր մարդկանց կյանք է փրկում միջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող սկաները, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում: Այդ գյուտը պատկանում է Ռեյմոնդ Դամադյանին։
Հայերի արտոնագրված գյուտերի մի մասը ներկայացնելուց հետո Տիգրան Խզմալյանը նշեց, որ իրենք առաջիկայում այլ գյուտեր էլ կներկայացնեն։ Միաժամանակ, նա մի ուշագրավ պատմություն ներկայացրեց.
«Մեր տվյալներով, մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել աշխարհահռչակ գիտնական Ռեյմոնդ Դամադյանը, մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման մեթոդի հեղինակը` մեր երկրում այդ եզակի սարքերի արտադրությունը կազմակերպելու առաջարկով: Բարձրաստիճան պաշտոնյաները ակնարկել են նրան, որ ազնիվ այս գաղափարի իրականացման համար սփյուռքահայ մասնագետը պետք է կատարի որոշակի վճար որոշակի մարդկանց «նվիրատվության» ձևով: Ավելորդ է ասել, որ գիտնականը հեռացել է Հայաստանից հիասթափված ու վիրավորված:
Հետևությունը մեկն է` մեր Հայրենիքը ի վիճակի է և անպայման կատարելու է գիտական, կրթական, տնտեսական և հասարակական թռիչքային զարգացում, օգտագործելով համայն հայության մտավոր և նյութական ներուժը: Սակայն դա հնարավոր է լինելու միմիայն Հայաստանը օկուպացրած ռեժիմից ազատագրելուց հետո»։










