Մարդկանց ուղեղում քաղաքական կառուցվածքներ են հայտնաբերվել
Մարդու քաղաքական հայացքները կարելի է որոշել՝ գնահատելով նրա ուղեղի նշաձև մարմնի չափը։
Նման եզրահանգման են եկել Լոնդոնի համալսարանի քոլեջի գիտնականները, որոնց աշխատությունը դեռևս չի հրապարակվել գրախոսական գիտական ամսագրում։
Ուսումնասիրությունների մասին կարճ տեղեկություն է հայտնում The Daily Telegraph բրիտանական թերթը։
Գիտնականները բժշկական հետազոտության են ենթարկել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի աջ և ձախ թևերին պատկանող երկու անդամների, ինչպես նաև մի քանի ուսանողների ուղեղները և պարզել են, որ աջ կամ ձախ աշխարհայացքի տեր մարդիկ իրարից տարբերվել են նշաձև մարմնի որոշակի հատվածի հաստության առումով։
Պահպանողական հայացքներ կրողները, լիբերալիզմի կողմնակիցների համեմատությամբ, ուղեղի երկու կիսագնդում ունեցել են առավել մեծ նշաձև մարմիններ։
Սակայն միևնույն ժամանակ պահպանողականների մոտ առավել փոքր է գլխուղեղի կեղևի գոտենման գալարի առջևի մասի չափը։
Նշաձև մարմինները շատ կարևոր են նաև էմոցիաների ձևավորման համար, ընդ որում, պարզվում է, որ որքան դրանք մեծ են, այնքան առավել ագրեսիվ է մարդու պահվածքը։ Գոտենման գալարի առջևի մասը մասնակցում է նաև սիրային ապրումներին և սեռական գրգռմանը։
Այս պահին սակայն դեռևս պարզ չէ, թե պահպանողականների և լիբերալների ուղեղի կառուցվածքում բնորոշ տարբերությունները բնածին են, թե ձեռքբերովի։










