Ամանորն ու Սուրբ Ծնունդը նաև սթրեսներ են առաջացնում

20:39 • 29.12.10

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները ոչ միայն հարազատների և ընկերների հետ ուրախ շփում, կերուխում ու նվերներ են ենթադրում, այլ նաև սթրես։ Ընդ որում՝ հոգեբանները վստահեցնում են, որ «տոնական սթրեսի» մեծամասամբ ենթարկվում են կանայք։

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС–ը, նման եզրահանգման են եկել Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի մասնագետները՝ հարցում անցկացնելով 450 կանանց և 450 տղամարդկանց շրջանում։ Պարզվել է, որ կանանց մոտ 44%–ը և տղամարդկանց 31%–ը տառապում են տոների պատճառով առաջացող սթրեսից, որը, ըստ հետազոտության արդյունքների, առաջանում է ժամանակի և դրամի պակասի, ինչպես նաև կարճ ժամանակում բազմաթիվ նվերներ գնելու պատճառով։

Պարզաբանվում է նաև, թե ինչու են հենց կանայք ավելի շատ հոգնում ու անհարմարավետություն զգում այս կարծես անհոգ ժամանակահատվածում։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի մեծ պատասխանատվությամբ են մոտենում նվերների գնման, ինչպես նաև ընտանիքի և ընկերների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու հարցերին, և այդ ամենը արագ կազմակերպելուց էլ հենց սթրեսի զոհ են դառնում։

Յուրաքանչյուր մարդ յուրովի է ելք փնտրում «տոնական սթրեսից» դուրս գալու համար, որի ամենատարածված և առողջության համար վնասակար ձևերից է ուտելիքի չարաշահումը, մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը և բազմոցին պառկելը։

Վերջին մեթոդը կիրառում է հարցվածների 50%–ը։ Իսկ ահա հարցման մասնակիցների 22%–ն սփոփանք է փնտրում ընկերների շրջապատում, 6%–ը (կանայք) այցելում է գեղեցկության սրահներ, 5%–ը փորձում է քայլել, իսկ 3%–ը գնում է աշխատանքի։

Ամանորն ու Սուրբ Ծնունդը նաև սթրեսներ են առաջացնում