Ռուսները iPhone 4–ի տիպի հեռախոս կարտադրեն
Ռուսական առաջին բջջային հեռախոս նավիգատորը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա գարնանը և կարժենա 10 990 ռուբլի (շուրջ 360 դոլար)։
Այս մասին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Система ֆինանսական բաժնետիրական կորպորացիայի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը։
«GPS/ГЛОНАСС չիպով առաջին հեռախոսը վաճառքում կհայտնվի մարտի 1–ին,– հայտնել է Եվտուշենկովը՝ավելացնելով.– Սա աշխարհում ГЛОНАСС-GPS չիպով առաջին հեռախոսն է։ Այն համապատասխանում է iPhone 4–ին»։
Եվտուշենկովը նաև նշել է, որ Apple ընկերության հեռախոսից ռուսական վերոնշյալ մոդելը տարբերվում է իր երկակի նավիգացիոն համակարգով։
Նա նաև հատուկ ընդգծել է, որ ռուսական հեռախոսի չիպը արտադրված է 90 նանոմետրային տեխնոպրոցեսորով, ինչն էլ համապատասխանում է «եվրոպական մակարդակին»։ Վլադիմիր Եվտուշենկովը նաև նշել է, որ սա վերոնշյալ տեխնոլոգիայով արտադրված առաջին ռուսական չիպն է։
Նշվում է, որ ռուսական հեռախոսի սերիական արտադրությունը կսկսվի 2011թ. երկրոդ կեսին։
Զրույցի ընթացքում Վլադիմիր Եվտուշենկոն տեղեկացրել է նաև, որ 2011թ. Ռուսաստանը կսկսի 45–65 նանոմետրային տեխնոպրոցեսորով չիպերի արտադրությունը, որն առավել ժամանակակից է համարվում։
Հիշեցնենք, որ պրոցեսորների այնպիսի համաշխարհային խոշորագույն արտադրողներ, ինչպիսիք են՝ Intel–ը և AMD–ն, 90 նանոմետրային տեխնոպրոցեսորով չիպեր ներկայացրել են դեռևս 2004թ.։
Իսկ 45 նանոմետրային տեխնոպրոցեսորով Intel –ի սերիական արտադրանքը ներկայացվել է 2007թ.։ Chipworks ընկերության տվյալներով՝ iPhone 4-ի պրոցեսորը Samsung ընկերության կողմից արտադրվում է 45 նանոմետրային պրոցեսով։










