iPhone-ի միջոցով կարելի է Skype-ով վիդեոկապ հաստատել (լրացված)

10:55 • 30.12.10

3G և WiFi ցանցերում այսուհետ հնարավոր է Skype-ով վիդեոկապ հաստատել iPhone-ի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք Skype-ի պաշտոնական կայքից։

Skype ինտերնետային հեռախոսակապի ծրագրի՝ Apple ընկերության բջջային տեխնիկայի (iPad, iPhone, 3–րդ և 4–րդ սերունդների iPod touch) համար նախատեսված տարբերակն ստացել է տեսազանգերի հնարավորություն։

Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», Skype-ի հաճախորդը iOS հարթակի կառավարմամբ Apple-ի արտադրանքի համար դարձել է ծրագրի առաջին բջջային տարբերակը, որը ստացել է տեսահաղորդակցության հնարավորություն։ Ավելի վաղ այս գործառույթը նախատեսված էր միայն Windows–ի, Mac OS X–ի և Linux–ի օգտատերերի համար (տեսահաղորդակցությունն առկա էր նաև Maemo–ի՝ Nokia N900 սմարթֆոնի տարբերակի համար)։

Skype–ի միջոցով տեսազանգեր այժմ կարելի է կատարել iPhone 4 և iPhone 3GS սմարթֆոններով, ինչպես նաև 3–րդ և 4–րդ սերունդների iPod touch ձայնարկիչներով և iPad պլանշետներով, ընդ որում՝ iPad–ի և 3–րդ սերնդի iPod touch–ի օգտատերերը կարող են միայն զրուցակցի պատկերը տեսնել, քանի որ այդ սարքերը չունեն ներդրված տեսախցիկ։
Skype–ն ապահովում է պատկերի տեսագրությունը ինչպես ետևի, այնպես էլ առջևի տեսախցիկով։

Տեսահաղորդակցության գործառույթը գործում է ինչպես Wi-Fi, այնպես էլ՝ բջջային 3G ցանցերում։ Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ սովորական պայմաններում տեսահաղորդակցությունը պահանջում է վայրկյանում մինչև 75 կիլոբայթ ելքային և մուտքային ինֆորմացիայի փոխանցում։

Եթե օգտատիրոջը հասանելի է ավելի դանդաղ կապ, ապա ծրագիրը կփորձի իջեցնել պատկերի որակը, որպեսզի գործի առանց տատանումների։

Skype–ի այս տարբերակի համար iOS–ում խմբակային տեսահաղորդակցությունն անհասանելի է։

Նշենք նաև, որ ներկա պահին iOS–ի համար Skype 3.0–ն արդեն հասանելի է օնլայն App Store խանութից անվճար ներբեռնելու համար։
 

iPhone-ի միջոցով կարելի է Skype-ով վիդեոկապ հաստատել (լրացված)