Մարտի 15–ին Facebook–ը կփակվի՞

14:21 • 10.01.11

WeeklyWorldNews հայտնի պորտալի տվյալներով՝ 2 ամսվա ընթացքում Facebook սոցիալական կայքը կփակվի։

Մարկ Ցուկերբերը հայտարարել է, որ մարտին Facebook-ը կփակվի, քանի որ կայքի կառավարումը շատ լարված է դարձել։

«Այն դուրս է եկել վերահսկողությունից,– ասել է Ցուկերբերգը Պալո–Ալտոյի իր գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։– Այդ ընկերության կառավարումը կործանել է իմ կյանքը։ Ես պետք է վերջ դնեմ այս խելահեղությանը»։

Ցուկերբերգն ասել է, որ մարտի 15–ին օգտատերերն այլևս մուտք չեն ունենա Facebook-ի իրենց հաշիվներին։

«Մարտի 15–ից հետո ամբողջ կայքը կանջատվի»,– ասել է Facebook–ի տեխնիկական հարցերով փոխտնօրեն Ավրատ Հումարտին ։ «Եթե դուք ուզում եք նորից տեսնել ձեր նկարները, ես խորհուրդ եմ տալիս հենց այսօր պատճենել դրանք։ Հենց որ կայքը դուրս գա բիզնեսից, դուք դրանք չեք կարող հետ ստանալ»։

Ցուկերբերգը հայտարարել է, որ կայքը փակելու որոշում կայացնելն իր համար դժվար էր, բայց չի կարծում, որ մարդիկ շատ կտխրեն։

«Անձամբ ես գտնում եմ, որ սա մեծ գործ է,– ասել է նա մասնավոր հեռախոսային հարցազրույցի ժամանակ։– Եվ, անկեղծ ասած, ես կարծում եմ, որ այսպես ավելի լավ է։ Առանց դրա մարդիկ ստիպված կլինեն դուրս գալ փողոց և իրական կյանքում ընկերանալ։ Իսկ դա միշտ էլ լավ է»։

Facebook–ի որոշ օգտատերեր խիստ զայրացել են՝ իմանալով այս նորությունը, մինչդեռ նրանց ծնողներն ավելի երջանիկ են։

Ֆինանսական աշխարհը մեղադրում է Ցուկերբերգին բազմամիլիարդանոց կորպորացիայից հեռանալու մտադրության համար, քանի որ ներկայումս Facebook-ը աշխարհի ամենահարուստ ընկերություններից մեկն է։

Ի պատասխան այդ մեղադրանքների՝ Ցուկերբերգը պատասխանում է, որ ինքը «պարզապես ուզում է վերադարձնել իր նախկին կյանքը»։

Կորպորացիան առաջարկում է իր օգտատերերին մինչև 2011թ.–ի մարտի 15-ը ջնջել վեբ–կայքից բոլոր անձնական տվյալները։ Այդ օրվանից հետո բոլոր հղումները, նկարները, վիդեոները անվերադարձ կջնջվեն։

Twitter–ը, Youtube–ը և այլ սոցիալական կայքեր անակնկալի են եկել այս սենսացիոն լուրից։

«Էխո Մոսկվին» իր հերթին հայտնում է, որ Facebook-ը հերքել է կայքի փակվելու մասին լուրերը։
 

Մարտի 15–ին Facebook–ը կփակվի՞