Facebook-ը 2012-ին IPO կիրականացնի

09:21 • 11.01.11

Facebook սոցիալական ցանցը մտադիր է 2012թ. ապրիլին IPO (բաժնետոմսերի հանրային տեղաբաշխում) իրականացնել: Նշենք, որ Facebook-ը ներկայում ունի շուրջ 500 բաժնետեր: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը:

Սոցցանցը բաժնետոմսերի «արտահոսքը» կանխելու նպատակով բաժնետեր աշխատակիցների նկատմամբ $2,5 հազ. տուգանք է սահմանել բաժնետոմսերի վաճառքի համար: Ի դեպ` Facebook-ն իր արժեքով գերազանցում է eBay-ին ($30 մլրդ) և Yahoo!-ին ($18,07 մլրդ):

Ըստ մի շարք զանգվածային լրատվամիջոցների` ռուսական Mail.ru Group-ը (նախկին Digital Sky Technologies, DST) և ամերիկյան Goldman Sachs բանկային խումբը սոցցանցում կատարել են $500 մլն-ի ներդրում: Ընդ որում` Goldman Sachs-ի ներդրումները կազմել են $450 մլն, իսկ մնացած մասը բաժին է ընկել Mail.ru Group-ին: Նշենք, որ և՛ Goldman Sachs-ը, ևþ Mail.ru Group-ը, ևþ Facebook-ը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները: Ըստ թերթի` ավելի վաղ Mail.ru Group-ը Facebook-ում կատարել է շուրջ կես միլիարդ դոլարի ներդրում, իսկ Goldman Sachs-ին իրավունք է վերապահվել վաճառել Facebook-ի իր մասնաբաժինը (մինչև $75 մլն)` հօգուտ Mail.ru Group-ի:

Ըստ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների` Goldman Sachs-ը մտադիր է առանձին ենթաբաժին ստեղծել, որը կզբաղվի բանկի հաճախորդների կողմից Facebook-ում ներդրումներ կատարելու հարցերով:

Հիշեցնենք, որ ռուսական DST ինտերնետ հոլդինգը Mail.ru Group է վերանվանվել 2010թ. սեպտեմբերի 16-ին: Ըստ վերջինիս` հոլդինգի անվանափոխությունը պայմանավորված է ընկերության զարգացման հետագա քաղաքականության փոփոխությամբ, որն ուղղված կլինի համաշխարհային ինտերնետային ընկերություններում կատարվող ներդրումների ծավալների մեծացմանը:

Facebook-ը 2012-ին IPO կիրականացնի