Թերթ.am-ը` աշխարհի բոլոր հայերի համար

13:52 • 11.01.11

Թերթ.am-ը գործարկում է կայքի արևմտահայերեն տարբերակը` այդպիսով հանդիսանալով առաջին առցանց լրատվամիջոցը Հայաստանում, որը իրականացնում է լրատվության կազմակերպում արևմտահայերենով: Այդպիսի նախաձեռնության հիմքում ընկած է աշխարհասփյուռ հայության տարբեր գաղթօջախների միջև, ինչպես նաև դրանց ու Հայրենիքի միջև փոխադարձ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու խնդիրը: Սփյուռքի մաս կազմող հայության զգալի հատվածն այսօր Հայաստանի և Սփյուռքի մասին մայրենի լեզվով առցանց լրատվություն ստանալու մեծ խնդիր ունի, և այս նախաձեռնությունը նպատակ ունի լրացնել առկա բացը:

Մի փոքր պակաս, քան երեք տարի առաջ հիմնադրվելով և դառնալով բազմապրոֆիլ առցանց լրատվության ձևաչափի ներմուծողը Հայաստանում` Թերթ.am-ը մշտապես փորձել է լինել իր ոլորտում նորարարությունների և նոր գաղափարների դրոշակակիրը` նախ դառնալով Հայաստանում առաջին քառալեզու լրատվական կայքը, ապա առաջինը թողարկելով կայքի բջջային տարբերակը: Այժմ էլ այդ մոտեցումները շարունակվում են կիրառվել և դրա վկայությունն է նաև կայքի արևմտահայերեն տարբերակի թողարկումը:

Ներկայում կայքի այցելումների շուրջ 70%-ը գրանցվում է Հայաստանի տարածքից և ընդամենը 30%-ը արտասահմանից, որի զգալի մասը ենթադրաբար մեր հայրենակիցներն են` այդ թվում և ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներ, որոնց այցելումների տեսակարար կշիռը մենք ակնկալում ենք մեծացնել: Բայց դա ինքնանպատակ չի արվում. աշխարհասփյուռ հայությունն այսօր բազմաթիվ ընդհանուր խնդիրներ ունի լուծելու և չիրացված հնարավորությունների հսկայական ներուժ: Այդ խնդիրները լուծելու և այդ հնարավորությունները օգտագործելու համար կարևոր է լուծել փոխադարձ տեղեկացվածության խնդիրը, ինչն էլ փորձում ենք անել մենք:

Թերթ.am-ը` աշխարհի բոլոր հայերի համար