Դեկտեմբերին հաքերների գլխավոր թիրախը եղել է Twitter-ը
«Կասպերսկու լաբորատորիան» հրապարակել է դեկտեմբեր ամսվա կիբերհարձակումների վիճակագրությունը: Անցած ամսվա ընթացքում ամենախոցելի կայքը եղել է Twitter-ը: Օգտագործելով հասցեները կրճատող ծառայությունները (օրինակ` goo.gl, t.co, tinyurl.com կամ bit.ly)` չարագործները «քողարկել» են վնասակար հղումներն ու տարածել դրանք միկրոբլոգներում:
Մեկ ամիս առաջ Twitter-ում նույն ճանապարհով սկսել էր տարածվել նոր համակարգչային վիրուս: Օգտագործողները, որոնք անցել էին «goo.gl/od0az» և «goo.gl/R7f68» կարճ հղումներով, ընկել էին չարագործների կայք, որն իր հերթին գողացել էր լոգիններն ու գաղտնաբառերը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, դեկտեմբերին մեծ տարածում են ստացել նաև կեղծ հակավիրուսային ծրագրերի մասին հայտարարությունները: Շատ կայքեր ողողվել էին տարբեր գովազդներով, որոնք առաջարկում են «ստուգել համակարգիչն ու հայտնաբերել վիրուսները»: Եթե օգտագործողը սեղմում է հղման վրա, կեղծ հակավիրուսային ծրագիրն առաջարկում է լիցենզիա գնել բանկային քարտի միջոցով:
Ավելի վաղ McAfee-ն հայտարարեց, որ 2011-ին հաքերների ուշադրության կենտրոնում կլինեն սմարթֆոններն ու սոցցանցերը:










