Google-ը ներկայացրել է հեռախոսների համար նախատեսված ձայնային թարգմանիչ
Google ընկերության ներկայացրած նոր ծրագիրը կարողանում է իրական ժամանակում թարգմանել արտասանված նախադասությունները: Conversation Mode տեխնոլոգիան («զրույցի ռեժիմ») նախատեսված է Android օպերացիոն համակարգի 2.1 և բարձր տարբերակների համար և հիմնված է Google Voice, Google Translate թարգմանչական ծառայության վրա:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Conversation Mode-ն այժմ ապահովում է միայն երկու լեզու` անգլերեն ու իսպաներեն: Որևէ բառ կամ արտահայտություն արտասանելու դեպքում ծրագիրը շատ արագ «նվագարկում» է թարգմանված տարբերակը: Սակայն բառերը պետք է արտասանվեն հստակ ու ճիշտ:
Ինչպես հաղորդում է Google-ի պաշտոնական բլոգը, ծրագիրը կարող է օգտակար լինել, օրինակ, զբոսաշրջիկներին:
Conversation Mode-ն առաջին անգամ ներկայացվել է IFA էլեկտրոնային արտադրանքի ցուցահանդեսում, որն անցկացվել է Բեռլինում անցած տարվա սեպտեմբերին:










