Paramount Pictures-ը 3,2 մլրդ դոլար եկամուտով գլխավորում է ԱՄՆ-ի միջազգային կինոշուկան
Ամերիկյան խոշոր կինոստուդիաները հրապարակել են միջազգային շուկայում տարվա կտրվածքով իրենց եկամուտների թիվը: Համաձայն հրապարակումների` ցուցակը գլխավորում է Paramount Pictures International-ը որի շահույթը հասնում է 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարի` տեղեկացնում է Screen Daily-ն:
Paramount-ի հաջողությունն ապահովվել է «Տրանսֆորմերները», «Քունգ Ֆու Պանդա» և այլ ֆիլմերի հաջող տարածման շնորհիվ:
Walt Disney Studios Motion Pictures International-ը ցուցակում երկրորդն է` 2,18 միլիարդ ցուցանիշով: Ընկերության ամենաեկամտաբեր ֆիլմը «Կարիբյան ծովի ծովահենները 4»-ն է:
3-րդ տեղում է Fox International-ը` 2,05 մլրդ եկամուտով: Ընկերության ամենաշահութաբեր ֆիլմերն են` «Ամենամռայլ ժամը», «Սև կարապը» և «Ռիո» ֆիլմերը:
Հաջորդ հորիզոնականում է Sony Pictures Releasing International-ը 1,79 մլրդ շահույթով: Ընկերության արտադրած ամենաշատ դիտված ֆիլմերի ցուցակը գլխավորում է «Թին Թինի արկածները»:
Հնգյակը եզրափակում է Universal Pictures International-ը` 1,23 մլրդ եկամուտով: Ընկերության արտադրած ֆիլմերից ամենաերկար սպասվածն էր «Ջոնի Ինգլիշ. վերածնունդ» ֆիլմը:
Հավելենք, որ մեկ այլ հեղինակավոր` Warner Bros Pictures International-ը, որն այս տարի արտադրել է «Հարրի Փոթերի» հերթական արկածային ֆիլմը, չի ներկայացրել իր տվյալները: Սակայն, ակնկալվում է, որ Warner Bros-ն իր ցուցանիշով առնվազն եռյակում կհայտնվեր:










