Պուգաչովան և Գալկինը պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը

00:30 • 24.12.11

Ալլա Պուգաչովան և Մակսիմ Գալկինը, որոնց հարսանիքի մասին նախօրեին գրել էին ԶԼՄ-ները, այսօր իրենց ամուսնությունն են գրանցել Մոսկվայի ՔԿԱԳ-ներից (ԶԱԳՍ) մեկում: Այս մասին հաղորդում է РИА НОВОСТИ-ն հղում կատարելով Նիկոլայ Բասկովին:

Պուգաչովայի մամլո քարտուղարը հաղորդել է, որ նման արարողության մասին տեղեկություններ չունի:
«Դա նրանց անձնական կյանքն է, նրանք, եթե ցանկացել են, ապա գնացել և գրանցվել են: Ես ոչինչ չեմ կարող հաստատել կամ հերքել, քանի որ Ալլա Բորիսովնայի հետ այսօր չեմ խոսել», - ծիծաղելով մեկնաբանել է քարտուղարը:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը մտադիր են պաշտոնապես ամուսնանալ: 62-ամյա երգչուհու և 35-ամյա հումորիստի ամուսնության արարողությունը կկայանա դեկտեմբերի 24-ին:

Պուգաչովայի մտերիմ Ալինա Ռեդելի խոսքերով` հարսանեկան արարողությունը գաղտնի կլինի: Կմասնակցեն միայն զույգի բարեկամները և ամենամոտ ընկերները, որոնց շարքում կլինեն` Վալենտին Յուդաշկինը, Նիկոլայ Բասկովը և Ալեկսանդր Բույնովը: