Պոզիտիվ դիսկրիմինացիա. այո՞, թե ոչ. տեսակետներ
Հայաստանը միացել և մասնակցում է կանանց իրավունքներին վերաբերող, կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառող բազմաթիվ միջազգային կոնվենցիաների ու հռչակագրերի. Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության կանխման և պայքարի, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան և այլք:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախարարների կոմիտեի՝ ԵԽԽՎ անդամ պետություններին տրված հանձնարարականներով այս տարի կառավարությունն ընդունեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրենքը:
Կա կարծիք, որ կանանց և նրանց իրավունքների մասին հատուկ օրենսդրության ընդունումը, որի մեջ ներառված են կանանց իրավունքներին և գենդերային իրավունքներին վերաբերող հարցեր, վիրավորական է առաջին հերթին կանանց համար: Մասնագիտական գրականության մեջ սա կոչվում է պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունք:
ԱԺ եվրաինտեգրացման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, օրինակ՝ դեմ է պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքին, սակայն գտնում է, որ մեր տիպի երկրներում, որտեղ դժվար է ապահովել կանանց մուտքը քաղաքականություն, անցումային փուլում այս սկզբունքը կարելի է գործադրել:
Մինչդեռ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պոզիտիվ դիսկրիմինացիային առհասարակ դեմ է։ Ի պատասխան հարցին, թե ՀՀԿ խմբակցությունն անցած տարիներին ինչ օրենքներ է մշակել Հայաստանում կանանց դերը բարձրացնելու, իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, Սահակյանը հայտարարեց, որ օրենքները «սեռային չեն, բոլորի համար են և այդ թվում՝ նաև կանանց»:
Իսկ կանանց ընդգրկվածությունը ՀՀԿ-ում ավելացնելու (բացի ԸՕ-ով սահմնաված քվոտայից) մասին հարցը Գալուստ Սահակյանին նույնիսկ ծիծաղելի թվաց:
«Եթե մարտի 8-ի ցուցակ լիներ, ամբողջովին կանանց կընդգրկեինք: Ցուցակում ընդգրկում են քաղաքականությամբ զբաղվող կին գործիչների, էսպես… հանիրավի ոչ կին, ոչ տղամարդ չի ընդգրկվելու»:
Ըստ Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյան՝ խնդիրն այն չէ, որ Հայաստանում սահմանափակվում են կանանց իրավունքները կամ դրանց որոշակի տեղ չի հատկացվում, խնդիրը այն է, որ պետք է երաշխավորվեն այն ազատությունները ու հավասարությունները, որ ի սկզբանե, ի ծնե, ի բնե տրված են կանանց և տղամարդկանց, ասում է:
«Իսկ երաշխավորելը նրա համար է, որ պայմաններ չստեղծվեն խտրական իրավիճակի համար»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքվ՝ այս դաշտում իրավական նորմների կարգավորվածությունը երկու հարթության մեջ է: «Կա խնդիր, որ պետք է կարգավորես, և խնդիր, որը պետք է կարգավորես քանի դեռ չի առաջացել»:
Հարցին, «մենք խնդրի» դաշտում ենք, թե «քանի դեռի», Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց ասելով՝«ոչ այնքան «քանի դեռի», որքան գիտենք, որ կարող է առաջանալ այդպիսի խնդիր և դրա համար քայլ ենք ձեռք առնում, որպեսզի խնդիր չառաջանա:
Այսինքն, ըստ իրավաբանի, կանանց ակտիվության բարձրացմանը զուգահեռ պետք է փորձել սահմանել այն ամենը, ինչ իրավունքի դաշտում չէ կամ «այնքան էլ իրավունքի դաշտում չէ»: Բանաձևը կարճ է. կարգավորել և երաշխավորել:









