ԵԱՀԿ-ն Տաջիկստանին կոչ է արել վերացնել Facebook-ի արգելափակումը

23:20 • 08.03.12

Եվրոպայի Անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կոչ է արել Տաջիկստանի իշխանություններին անհապաղ ապաարգելափակել Facebook սոցիալական ցանցն ու մի քանի լրատվական կայքեր, այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ԵԱՀԿ-ի համապատասխան հայտարարությունը:

Հայտարարությունը ԵԱՀԿ-ի անունից տարածվել է Մամուլի ազատության հարցերով այդ կազմակերպության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի միջոցով:

Մարտի 2-ին Տաջիկստանի ինտերնետ մատակարարները հանրապետության կառավարությանը կից Կապի ծառայությունից ցուցում էին ստացել փակել facebook.com, tjknews.com, maxala.org, centrasia.ru և zvezda.ru կայքերի մուտքը` դա բացատրելով տեխնիկա-պրոֆիլակտիկ աշխատանքներով:

Մինչ այդ` մարտի 1-ին zvezda.ru կայքում Տաջիկստանի նախագահին քննադատող հոդված էր հրապարակվել, որը վերահրապարակել էին Tjknews.com-ը և մի շարք այլ կայքեր:

Դունյա Միյատովիչի հայտարարության մեջ հույս է հայտնվում, որ սա նախադեպ չի դառնա և ընդգծվում, որ «ինտերնետը պետք է ազատ տիրույթ մնա քննարկումների և կարծիքների փոխանակման համար»:

Մինչ այդ մարտի 6-ին Տաջիկստանի Ինտերնետ և սերվիս մատակարարների ասոցիացիան ևս հայտարարություն էր տարածել, որում նշված կայքերի արգելափակումն անարդյունավետ էր անվանել և նշել, թե դա վնաս է հասցնում այդ պետության իմիջին: