Տիմոշենկոյին թույլատրել են երեք օր ապրել մոր ու դստեր հետ
Ուկրաինայի Կաչանովի № 54 ուղղիչ գաղութի ղեկավարությունը թույլատրել է ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին երեք օր անցկացնել մոր ու դստեր հետ:
Ինչպես հաղորդում է vz.ru գործակալությունը, Ուղղիչ բանտային պետական ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ ուկրաինական օրենսդրության համաձայն` կալանավորը երեք ամիսը մեկ անգամ հարազատների հետ երկար տեսակցության իրավունք ունի:
Հանդիպումը տեղի է ունենում հատուկ սենյակում, որտեղ հարազատները կարող են կալանավորի հետ մնալ երեք օրից ոչ ավել:
Նման խնդրանքով նախկին վարչապետը գրավոր դիմել էր գաղութի ղեկավարությանը (այս գաղութում նա գտնվում է փետրվարի 25-ից):
Յուլիա Տիմոշենկոն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման` վարչապետ եղած տարիներին լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Տիմոշենկոյի ամուսինը` Ալեքսանդր Տիմոշենկոն, ապաստան է ստացել Չեխիայում:









