ԵՄ ԱԳՆ ղեկավարները դեմ են Սիրիայում օտարերկրյա միջամտությանը

22:33 • 09.03.12

ԵՄ արտաքին գործերի նախարարները, Կոպենհագենում տեղի ունեցող ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, դեմ են արտահայտվել Սիրիայի ներքին գործերին օտարերկրյա ռազմական միջամտությանը, հաղորդում է «ԻՆՏԵՐՖԱՔՍ» գործակալությունը:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ Սիրիայի գործերին միջամտությունը հակաարդյունավետ կարող է լինել:
«Մենք պետք է խուսափենք լայնածավալ կրակոցներից: Դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար, մարդկանց համար և աշխարհի համար», - ասել է Գերմանիայի նախարարը:

ԵՄ արտաքին գործերի նախարարները նաև հայտարարել են, որ Սիրիայի դեմ ներկայացված պատժամիջոցներն արդյունավետ են:
Այն, որ բարձրաստիճան զինվորականները դասալքում են` միանալով ապստամբությանը, ցույց է տալիս, որ նախագահ Ասադի իշխանությունը երկար չի դիմանա:

ԵՄ-ի արտգործնախարարները հայտարարել են, որ դեմ են Ասադի կառավարության կողմից իրականացվող արյունահեղությանը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով 7500 մարդ է սպանվել: ԵՄ-ի առաջնային նպատակն է Սիրիայում կանխել պատերազմը և կենտրոնանալ այն առաքելության վրա, որը պետք է իրականացնի Քոֆի Անանը:

Հիշեցնենք, որ Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի դեսպան Քոֆի Անանը Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը երկխոսություն սկսելու կոչ էր արել: