Արմավիրում վթարի է ենթարկվել ոստիկանական Toyota Corolla–ն (լուսանկարներ)
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Այսօր առավոտյան, ժամը 10։00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում վթարի է ենթարկվել նաև ոստիկանական Toyota Corolla ավտոմեքենա։ Ինչպես aravot.am–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մեծամոր քաղաքի սկզբնամասում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի դասակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության մայոր Հակոբ Սաֆարյանը, վարելով ծառայողական ավտոմեքենան, բախվել է իր դիմացով երթևեկող Արմավիր քաղաքի բնակիչ, 56–ամյա Սամվել Սահակյանի վարած Toyota Vitz մակնիշի 23 ԼՕ 989 համարանիշի ավտոմեքենային, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի ծառին և մոտ 20 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
ՃՈ աշխատակցին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի վայրում հավաքված քաղաքացիները Գ. Շամշյանին պատմել են, որ ՃՈ աշխատակիցը փորձել է շրջանցել ճանապարհի վրա եղած մեծ փոսը և այդ ժամանակ նրա տեսադաշտը փակել է այդ պահին նրա դիմացով երթևեկող Toyota Vitz մակնիշի 23 ԼՕ 989 համարանիշի ավտոմեքենան, «մանևրներ է արել» և որպեսզի ՃՈ ավտոմեքենան չբախվի Toyota Vitz–ին, ՃՈ տեսուչը փորձել է շրջանցել նրան, ինչից հետո բախվել է ծառին և մի քանի մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
aravot.am–ից տեղեկանում ենք նաև, որ այս պահին ՃՈ աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքացիները պատմել են նաև՝ «էս փոսի խաթր էս էլ որերորդ դեպքնա, բայց նախորդ դեպքերում, զոհեր և վիրավորներ չեն եղել, ուղղակի ավտոներն էին իրար բախվել. եթե մարզային և տեղական իշխանությունները համապատասխան հետևություններ չանեն, էլի կկրկնվեն նման վթարները»։














