Դա ընդամենը Սաակաշվիլիի ցանկությունն է. Բաքուն հերքում է Վրաստանի նախագահի խոսքերը

17:25 • 09.03.12

Բաքվի 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման կազմկոմիտեի ղեկավար Քենուլ Նուրուլաևան հայտարարել է, որ իրենք պատրաստ չեն քննարկել 2020թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը Վրաստանի հետ համատեղ անցկացնելու հայտը, տեղեկացնում է GHN լրատվականը:

«Մեծ հաշվով, դա ընդամենը Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ցանկությունն է: Պետական մակարդակով որևէ հաստատված բան չկա: Բացի այդ, Ադրբեջանը դեռ ոչինչ չի որոշել», - ասել է Նուրուլաևան, հավելելով, որ իրենց ողջ ուշադրությունը կենտրոնցված է 2020թ. օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը նվաճելու վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաակաշվիլին Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել էր, որ երկու երկրները մտադիր են համատեղ հայտ ներկայացնել 2020թ.-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անցկացնելու համար:

Ավելի ուշ, Վրաստանի Սպորտի և երիտասարդության նախարարն ասել էր, որ հարցը լուծում կստանա մարտի 22-ին Ստամբուլում անցկացվելիք ՈւԵՖԱ-ի հերթական գագաթնաժողովի ժամանակ: