Մահացել է եմենյան «Ալ Կաիդայի» առաջնորդը
Հիվանդության պատճառով մահացել է «Ալ Կաիդայի» եմենյան ճյուղի առաջնորդներից մեկը` Մուհամեդ Ալ Հանիկը, տեղեկացնում է Agence France-Presse-ը:
SITE Intelligence Group կազմակերպությունը, որը զբաղվում է ահաբեկչական խմբավորումների մոնիտորինգով, նշել է, որ Ալ Հանիկը մահացել է մարտի 4-ին: Հաղորդագրություններում Ալ Հանիկի անվան կողքին նշված է եղել` «իմաստուն» և «ջիհադի շեյխերից մեկը» արտահայտությունները:
Միաժամանակ հաղորդվում է նաև, որ սպանվել են Ալ Հանիկի երկու որդիները` ավագը` Օմարը` Իրաքում, իսկ կրտսեր Նուրուդինը` ամերիկյան և եմենյան օդուժի ռմբակոծության հետևանքով:
Ենթադրվում է, որ հենց Ալ Հանիկի սպառնալիքների հետևանքով են 2010թ. մայրաքաղաք Սանայում մի քանի օրով փակվել էին Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դեսպանատները: Այդ ժամանակ ևս նշվել էր, որ Ալ Հանիկը մահացել է:









