Հիմարություն է դուրս տվել. Գուրգեն Եղիազարյանը հակադարձում է Ռուբեն Թովմասյանի մեղադրանքներին

14:54 • 09.03.12

Ռուբեն Թովմասյանին համարում էի լուրջ մարդ, ուղղակի ճղճիմ շահեր է հետապնդում, և ցավով պետք է փաստենք, որ հիմարություն է դուրս տվել և զզվանքս գալիս է, որ մեկնաբանեմ: Այս մասին, այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» անդամ, ՀՀ Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, մեկնաբանելով «Հայաստանի կոմունիստական կուսակցության» առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի արած այն հայտարարությանը, որով վերջինս մեղադրում է Լևոն Տեր–Պետրոսյանին մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մեջ:

«Մարտի 1-ը ողջ աշխարհին է հայտնի, և դժվար մարդասպաններից և այ այդպես փոքր ուժերից բացի, ուրիշ մեկը խոսեր և մեղադրեր անմեղին: Հավանաբար փոքր շահ է հետապնդում, հակառակ դեպքում նման բան չէր ասի: 10 սպանվածներ և 100–ից ավել վիրավորներ կան մարտի 1-ից հետո, և նա այդ ամենից հետո ճղճիմ բաներ է դուրս տալիս»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Վերջինս նաև անդրադարձավ այն հարցին, որով Հայաստանի համար մեկ կոմունիստը մեղադրում է ՀԱԿ առաջնորդին, երկիրը 90-ականներին «քանդելու և աղքատության» հասցնելու մեջ:

«Սոցիալիստական երկիրը 70-80 տոկոսով կատարյալ երկիր էր, որտեղ մարդն իրեն մարդ էր զգում, այլ ոչ թե գազան: Սոցիալիստական այդ հասարակությունն ավելի լավն էր, քան այժմյան գայլային կապիտալիզմը»,- ասաց Գ. Եղիազարյանը և նշեց, որ այն ժամանակ Խորհրդային կայսրությունը արդեն փլուզման եզրին է եղել, իսկ եթե դա փլուզել է Լևոն Տեր–Պետրոսյանը, ապա պետք է միայն ողջունել, որ նա այդքան ուժեղ մարդ է եղել: