Անդամակցելուց հետո որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել դուրս գալու մասին. Լևոն Զուրաբյան

14:35 • 09.03.12

Ի պատասխան մարտի 6-ի ՀԱԿ-ի քաղխորհրդում «Հայ կամավորների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի պաշտպանության կոմիտեի համանախագահ և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի այն հայտարարության, թե նախաձեռնությունը ՀԱԿ–ի հետ նախընտրական դաշինք չի կազմելու, այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ: Լինելով «Հայ ազգային կոնգրեսին» մաս կազմած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող՝ նա նշել է, որ նախաձեռնությունը 2009թ. ամռանից պաշտոնապես ոչ մի առնչություն չի ունեցել Կոնգրեսի հետ։

Ստեղծված իրավիճակին պատասխան գտնելու համար Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից:

«Ես որևէ կերպ չեմ կարող բացատրել այս իրավիճակը: Դեռ 2009թ. Ժիրայր Սեֆիլյանը խնդրեց, որ մենք «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնությունը դարձնենք ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամակից, որից հետո այս քաղաքական նախաձեռնությունը քաղխորհրդում որպես ներկայացուցիչ ընտրեց Սամվել Հարությունյանին: Վերջինս պարտաճանաչ և բարեխիղճ աշխատանք է իրականացրել քաղխորհրդում՝ ամեն շաբաթ գալով նիստերին և ներկայացնելով նախաձեռնության տեսակետները»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

Այն հարցին, թե արդյոք, ըստ Լևոն Զուրաբյանի, Ժիրայր Սեֆիլյանը տեղյակ է եղել ՀԱԿ-ի և «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության որոշ անդամների համագործակցության մասին, նա պատասխանեց. «Չէր կարող տեղյակ չլինել դրա մասին, քանի որ բոլոր որոշումները կոնսենսուսով են ընդունվել: Անդամակցելուց հետո որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել դուրս գալու մասին և իրենց ներկայացուցիչը բարեխղճորեն մասնակցել է նիստերին: Մենք ի՞նչ եզրակացություն կարող ենք անել»:

ՀԱԿ-ի քաղխորհրդում «Հայ կամավորների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած Ժիրայր Սեֆիլյանը անձամբ դադարեցրել է իր կապերը ՀԱԿ-ի հետ, սակայն երբևէ չի կանխել նախաձեռնության որևէ ներկայացուցչի մասնակցությունը ՀԱԿ-ի կազմակերպած որևէ միջոցառմանը:

«Մի քանի օր առաջ ես հանդես եմ եկել անձամբ իմ անունից, մարդ, որը 3 ու կես տարի շարունակ իբրև «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ եղել է ՀԱԿ-ի քաղխորհրդի ներկայացուցիչ: Իսկ նախաձեռնության անունը նշել եմ, քանի որ մենք չենք հավաքվել և չենք որոշել, որ պաշտոնապես դուրս ենք գալիս ՀԱԿ-ի կազմից: Այնպես ենք պայմանավորվել, որ մեր գործունեությունը ոչ միայն չվնասի պայքարին, այլ ամեն ինչ արել ենք, որ շարժումը պսակվի հաջողությամբ»,-ասաց նա:

Հարցին, թե Սամվել Հարությունյանի կարծիքով ի՞նչն է պատճառ հանդիսացել, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանը նման հայտարարություն անի, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դրա մեջ պետք է անպայման վատ բան փնտրել, ինքը դրանով ընդգծում է, որ անձամբ և անդամների մի մասը կապերը խզել են ՀԱԿ-ի հետ 2009-ից»: