Հայաստանը տղամարդկանց երկիր է. երգահան Լիլիթ Պիպոյան

13:07 • 09.03.12

Հայաստանը տղամարդկանց երկիր է, քանի որ հասարակության մեջ կա ավանդական իներցիա: Կարևոր բարձր դիրքերը զբաղեցնում են տղամարդիկ, կանայք երկրորդական դիրքերում են: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ խոսելով Հայասանում առկա կանանց դերի մասին, ասաց երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը:

Ասուլիսին ներկա Շուշան Պետրոսյանն էլ չի կարծում, որ Հայաստանը վատագույն տարբերակն է և «սարսափելի վիճակ» է, սակայն չի էլ հաստատում, որ կնոջ դերը հասարակության մեջ նկատելի է: «Սա ուղղակի օրինաչափություն է դարձել»,-նշեց նա:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, թեև չի սիրում, երբ խոսում են սեռերի ընդգծված իրավունքների մասին, սակայն նկատեց, որ ըստ տրամաբանության, եթե կինը մեծ դեր է խաղում հասարակության մեջ, ապա պետք է մեծ դեր ունենա նաև քաղաքականության և մյուս բոլոր ոլորտներում:

Խոսելով կնոջ երջանկության մասին, Շուշան Պետրոսյանը նշեց, թե ըստ իրեն՝ կնոջ համար երջանկությունն այն է, երբ «ապրում ես քո քաղաքում, քո տունիկում, և հասցնում ես լինել և մամա, և կին, փորձելով իրականացնել նաև թե աշխատանքդ և թե նվիրական գաղափարներդ»։

«Ես ուրախանում եմ, որ այդ ամենը կարող եմ զետեղել Շուշանի մեջ, այն Շուշոյի մեջ, որ սիրում է անցնել իր Աբովյան փողոցով»,– ասաց երգչուհին, ում նաև ոգևորում է Մաշտոցի պուրակում իրականացվող երիտասարդական պայքարը: «Էնքան զիլ է, Մաշտոցի այգում հավաքված երեխեքի աշխատանքը, ես էլ մի քանի օր առաջ գնացի, ասեցի չընկրկեք, այդ մի քանի ծառով է սկսում մեր երեխաների ապագան»,- ասաց նա՝ ավելացնելով, թե դա նման է 88-ին սկսված շարժմանը:
Լիլիթ Պիպոյանի համար երջանկություն է, երբ «հոգիդ լցված է սիրով»: Իսկ «Հրապարակի» խմբագրի համար՝ ընտրել ապրելակերպ և ազատ լինել այդ ապրոլակերպում: