ԲՀԿ-ին անդամակցելու որոշման մասին Լյովա Խաչատրյանի որոշումը հստակ չէ, բայց բանակցություններ ընթանում են

15:54 • 09.03.12

ԱԺ անկախ պատգամավոր, Ապարանի տարածքից ընտրված Լյովա Խաչատրյանը դեռևս հստակ չի որոշել, թե անդամակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, թե այլ քաղաքական ուժի:

«Ես ուզում եմ մեր հետևորդներին փոխանցենք ազգային, պահպանողական, բարգավաճ և օրենքի ուժի երկիր: Մի փոքր համբերեք ու կիմանաք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե անկախ պատգամավորն առաջիկա օրերին կանդամակցի ԲՀԿ-ին:

Բոլոր դեպքերում, նա չհերքեց նման հնարավորությունը: «Ոչ մի բան չի կարելի բացառել, առավել ևս քաղաքականության մեջ»,-նշեց նա՝ միևնույն ժամանակ հավատացնելով, որ ԲՀԿ ներկայացուցիչների հետ ոչ մի քննարկում չի եղել:

ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Լյովա Խաչատրյանի ԲՀԿ-ին անդամակցելու հարցը քննարկվում է: «Որոշ խոսակցություններ ու բանակցություններ ընթանում են, սակայն վերջնական դեռ որոշում չի կայացվել»,-ասաց նա: