Մարգարիտ Շահինյանը համերգ կտա իր բեմական գործունեության 40–ամյակի կապակցությամբ
Մարտի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Մարգարիտ Շահինյանի հոբելյանական համերգը, նվիրված երգչուհու 40 տարվա բեմական գործունեությանը: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հենց երգչուհին` Մարգարիտ Շահինյանը, նշելով, որ տոնական համերգը իրականացվելու է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր կազմակերպում են այս համերգը: Այդ օրը կլինեն շատ պաշտոնատար անձինք, և կարծում եմ, որ իմ գնահատականը ես կստանամ»,- ասաց Մարգարիտ Շահինյանը:
Հանդիպմանը ներկա Ազգային նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նորայր Դավթյանը, ով երգչուհու ուսուցիչն է եղել, իր հերթին նշեց, որ անգնահաատելի է երգչուհու դերը մեր երգարվեստում:
«Ես կցանկանայի, որ համերգին ներկա լինեն նաև երիտասարդները: Բազմաբնույթ է լինելու երգացանկը, կա և Սայաթ Նովա, և Կոմպոզիտորական ստեղծագործություններ, կան տաղեր: Ինձ համար այդ համերգը շատ մեծ նշանակություն ունի»,- ասաց Նորայր Դավթյանը:
Հարցին, թե Մարգարիտ Շահինյանը, որտեղ է գտնվել այս տարիների ընթացքում և ինչով է զբաղվել, վերջինս պտասխանեց, որ 2000 թվականին հրավիրվել է Լոս Անջելես, և այնտեղ պետք է կայանար համերգ նվիրված Քրիստոնեության ընդունման 1700 ամյակին: Այնուհետև վերդարձել է: Կրկին Լոս Անջելես է հրավիրվել հայկական համայքնում դասախոսելու՝ երգ ու երգարվեստը: «Այժմ ես վերադարձել եմ հայրենիք և կդասավանդեմ Կոնսերվատորիայում: Փառք Աստծո, ես ուրախ եմ, որ կան երիտասարդներ, որ նման ժամանակներում սիրում, գնահատում են և փորձում են ազնիվ նվիրվել երգարվեստին»,- եզրափակեց Մարգարիտ Շահինյանը:









