Բնապահպան ակտիվիստները մարտի 13-ից անժամկետ նստացույց կսկսեն, եթե...
Եթե մինչև մարտի 13-ը Երևանի քաղաքապետարանը չապամոնտաժի Մաշտոցի փողոցին հարող ագյում տեղակայված կրպակները, այստեղ արդեն 28 օր պայքարող բնապահպան ակտիվիստները կհայտարարեն անժամկետ նստացույց:
Tert.am-ի հետ զրուցում «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստ Գոռ Հակոբյանը նշեց, որ նման նախաձեռնություն կա և 13-ին ավելի պաշտոնապես այդ մասին կհայտարարվի:
Ըստ նախաձեռնության ակտիվիստի, նստացույցի որոշումը կախված է նաև 13-ին այգում կազմակերպվելիք դատավարությունից: «Մենք կյանքի ենք կոչում «Քաղաքացիական անկախ ու արդար դատարան», որի ժամանակ կքննվի հանրային շահի հետ կապված խնդիրները, որոնք Հայաստանում մշտապես ոտնահարվում են: Ամսի 13-ին կանցկացվի առաջին թափանցիկ, բաց դատը, որի ժամանակ կքննվի Մաշտոցի պուրակի հարցն ընդդեմ քաղաքային իշխանությունների»,- ասաց նա:
Գոռ Հակոբյանը հստակեցրեց, որ քանի որ Հայաստանում որևէ ձևով հնարավոր չէ դատարաններում ներկայացնել հանրային շահը, այդ պատճառով նրանք այս կերպով կփորձեն պաշտպանել հանրային շահը: «Ուսանողական այգու և Թեղուտի դեպքում, երբ հանրությունը դիմեց դատարան, ասեցին, որ դուք իրավունք չունեք այն ներկայացնել, եթե դա ձեր անձնական խնդիրը չէ»,- մանրամասնեց նա՝ տեղեկացնելով, որ բոլոր այն քաղաքացիները, բնակիչները, որոնց մասնավոր սեփականությունը խլվել է «հանրային շահի համար», նույնպես կարող են դիմել «Քաղաքացիական անկախ ու արդար դատարան»` արդարացի, ժողովրդական և անկախ որոշում ստանալու համար:









