Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդը մարտի 1-ի մեջ մեղադրում է ընդդիմության առաջնորդներին
«Հայաստանի կոմունիստական կուսակցության» առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մեջ ամբողջովին մեղադրում է Լևոն Տեր Պետրոսյանին և ընդիմադիր մյուս գործիչներին, նշելով, որ առաջնորդելով ժողովրդին՝ հենց նրանք են անտեր թողել մարդկանց քաղաքում և թույլ են տվել այդ ողբերգությունները:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի կոմունիստական կուսակցության» առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյնաը:
Խոսելով առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցության մասին, ՀԿԿ առաջնորդն ասաց, որ իրենք միանշանակ մասնակցելու ենք ընտրություններին և միայնակ էլ կգնան իրենց գաղափարախոսների հետ:
«Գիտեք ինչքան բարդություններ կան, սկսած ընտրական քարոզարշավից, մինչև այդ գրավի մուծելը, մենք հիմա մեր վերջին ակորդներն ենք անում, որ մասնակցենք ընտրություններին»,-ասաց Ռուբեն Թովմասյանը:
Ռուբեն Թովմասյանը չի հավատում սոցոլոգիական այն հարցումներին, որոնք երբևէ չեն նշել իրենց կուսկացության անունը: Ռուբեն Թովմասյանը մեջբերեց իրենց սեփական հարցումները, որտեղ 550 ընտրողի հարցրել են, թե ում են պատրաստվում ձայնը տալ:
Ըստ այդ հարցումների 550 ընտրողից 67–ը պատրաստակամություն են հայտնել ընտրել Կոմունիստական կուսակցությանը: ՀԿԿ-ն այդ հարցման արդյունքում 6-րդն է, առաջին հորիզոնականում «Բարգավաճն» է, երկրորդում` ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը, իսկ երրորդ հորիզոնականը իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է:
Ռուբեն Թովմասյանը սրտնեղում է ընտրական գրավի համար. «Ո՞վ էր տեսել այդքան գումար , ընտրական գրավ մուծելու համար: Դեռ այդ գումարը չենք հավաքել, ու եթե հանկարծ գումարը հանգանակությամբ էլ չհավաքվի, մենք միջոցներ կգտնենք, ու կմասնակցենք ընտրություններին»,-ասաց Ռուբեն Թովմասյանը:
ՀԿԿ առաջին քարտուղարը նշեց, որ կուսակցությունն ունի 20 հազար ընկեր և հետևորդ, և նրանք բոլորը աշխատելու են ի օգուտ իրենց կուսակցության:
Քարոզարշավի ժամանակ կոմունիստները նախ իրենց անցյալն են ներկայացնելու, թե ինչպես են կառուցել Հայաստանը, և ինչպես են քանդել այդ երկիրը ազատականները:
«Մենք` կոմունիստներս, ստացանք մոմ, ճրագ՝ հասանք ատոմակայանի։ 350 հազարանոց մայրաքաղաքից ստացանք 1.5 միլոնանոց քաղաք, 83 տոկոսանոց անգրագիտությունից հասանք գիտական մեծ արդյունքների, և նման ծաղկում ենք ապրել, տվել ենք 90 ականներին, սակայն Աստված տվեց Լևոն Տեր Պետրոսյան և ՀՀՇ–ական խումբ, որ թալանեցին ու տարան ամեն ինչ: Երկրում Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորևությամբ տեղի են ունեցել լուրջ հանցագործություններ, որոնք պետք է պատժվեն»,- ասաց Ռուբեն Թևոմասյանը:









