2009թ. ամառվանից մենք ոչ մի առնչություն չենք ունեցել Կոնգրեսի հետ. Ժիրայր Սեֆիլյան
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ, «Հայ ազգային կոնգրեսին» մաս կազմած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իր ղեկավարած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը նոր չէ, որ դուրս է գալիս Կոնգրեսից, այլ այն դադարացրել է որևէ առնչություն ունենալ ընդդիմադիր այդ քաղաքական ուժի հետ դեռևս 2009թ. ամառվանից։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
Վերջերս շատ է արծարծվում «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից։
Բազմաթիվ առիթներով այդ մասին արտահայտվել եմ: Այժմ մեկընդմիշտ հստակեցման համար ուզում եմ կրկնվել ասելով հետևյալը. Ես, լինելով այդ նախաձեռնության համակարգողը, տեղեկացնում եմ մեր հասարակությանը, որ 2009թ. ամառվանից մենք՝ այսինքն ես անձնապես և «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը պաշտոնապես ոչ մի առնչություն չենք ունեցել Կոնգրեսի հետ։
Սամվել Հարությունյանը 2009թ. ամառվանից ըստ էության Կոնգրեսում ներկայացրել է ոչ թե «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, այլ Գորիս քաղաքի բազմահազար այն քաղաքացիներին, որոնք 2007թ. ընտրություններում մոտավորապես 14000 ձայն են վստահել նրան։
Առիթից օգտվելով պաշտոնապես հայտարարում եմ՝ այն օրվանից երբ ձևավորվեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը (2009թ. աշուն) «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը ըստ էության դադարեցրել է իր գործունեությունը։
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին, ՀԱԿ–ի մարտիմեկյան հանրահավաքից հետո հայտնի դարձավ որ 4 քաղաքական ուժեր հրաժարվում են ՀԱԿ–ի հետ հանդես գալ դաշինքով, և դրանցից մեկհանդես էր գալիս որպես «Հայ կամավորականների համախմբում», որի անունից հանդես էր եկել նախաձեռնության անդամ, Գորիսի պաշտպանության կոմիտեի համանախագահ և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությւոնյանը։ Մյուս երեք քաղաքական ուժերն էին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային Վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը և Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը։
Սամվել Հարությունյանը նման քայլի պատճառների 90%-ը վերագրել էր «ռազմավարական և մարտավարական խնդիրներին» և միայն 10%–ը՝ համամասնական ցուցակի հետ կապված տարաձայնություններին։









