Շուշան Պետրոսյանը փառք է տալիս Աստծուն, որ Գոռը և «Դորիանս» խմբի մյուս տղաները չեն գնում Բաքու
Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելու մասին լուրը երգչուհի Շուշան Պետրոսյանին շատ է ուրախացրել: «Այնքան ուրախ եմ, որ այն ինչի հանգեցին, այդ ամենը ես վաղուց ասել եմ: Ուզում եմ այդ ամպագորգոռ կուրծք ծեծողներին հարցնել, դու եղբայր ունե՞ս, կուղարկեի՞ր, քո եղբորը, հարազատին, սիրած տղային: Չեմ հասկանում, ո՞նց կարելի է խաղ անել Ադրբեջանի հետ»,-նշեց նա:
Դեռ ավելին, երգչուհին շատ էր անհանգստացել, երբ լսել էր, որ իր սիրելի խումբը՝ «Դորիանսը» ցանկություն էր հայտնել գնալ: «Այն էլ Գոռին: Երեկ «Դորանսի» համերգին էի ու ամեն վայրկյան ասում էի, փառք քեզ Աստված, փառք, որ այս երեխեքը չեն գնալու, որովհետև շշմելու երգիչներ են: Ոչ մի դեպքում, միանշանակ։ Ինչի՞ պիտի գնային»,-նշեց նա:
Խոսելով ընտրություններից առաջ երգիչ–երգչուհիների քարոզարշավներին մասնակցելու մասին, Շուշան Պետրոսյանը պատասխանեց, որ անպայման, մասնակցելու է, և չի հասկանում, թե ինչու համար է լրագրողներին այդքան հուզում այդ հարցը: «Դա իմ աշխատանքն է և իմ իրավունքը»,-ասաց նա:
Իսկ այն հարցին, թե ինչու նույն երգիչները չեն երգում ընդդիմության համար, Շուշան Պետրոսյանը նշեց. «Իսկ առաջարկել ե՞ն»:









