Շուշան Պետրոսյանը առաջին հիպի պատգամավորը կլիներ
Եթե երգչուհի Շուշան Պետրոսյանին առաջարկվեր Ազգային Ժողովում տեղ, նա կհամաձայնվեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա՝ նշելով, թե ինքը հասկացել է, որ այսքան տարիներ, անվերջ խոսելու փոխարեն պետք է նաև գործել: «Ես առաջին հիպի պատգամավորը կլինեի, որը շատ զիլ կլիներ: Ես միշտ կռիվ ունեմ և միշտ կողմ եմ մշակութային ներկայացվածությանը»,- ասաց նա:
Իսկ թե որ քաղաքական ուժի հետ կգնար, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Պարզ չի՞»: Պարզվեց, որ նա գաղափարապես հարում է Հանրապետական կուսակցությանը: «Կուզեի մաքրամաքուր խոսող ԱԺ, մտածող։ Ուզում եմ, որ մշակութային ներկայացվածություն լիներ»,-ասաց նա:
Ասուլիսն ներկա «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին, ի տարբերություն երգչուհու, առաջարկներ եղել են, սակայն մերժել է, քանի որ իրեն նա չի տեսնում այս ԱԺ-ում: «Ուժերի մասին չնշեմ։ Իսկ չեմ համաձայնվում, քանի որ ես արդեն իսկ ինչ-որ կերպով քաղաքականությամբ զբաղվում եմ: Ես ինձ չեմ տեսնում այս խորհրդարանում: Խորհրդարան պիտի գնա նա, ով գիտի, որ իր գլխավոր աշխատանքը պետք է լինի օրենսդիր աշխատանքը և ոչ թե այն դիտարկի որպես հոբբի: Չպետք է այնտեղ խանութների ցանց ունեցող մարդիկ գնան»,-ասաց նա:
Իսկ երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը ընդհանրապես իրեն ԱԺ-ում չի տեսնում, քանի որ մարդկանց ղեկավարել չի սիրում և իրեն ավելի հոգեհարազատ է մենակ ստեղծագործելը:









