Դամասկոսում Անանը բանակցում է Ասադի հետ, իսկ զորքը գնդակոծում Իդլիբը

15:03 • 10.03.12

Սիրիա ժամանած ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանը բանակցություններ է վարում նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Անանը Դամասկոս է ժամանել երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու նպատակով:

Հաղորդվում է, որ հատուկ պատվիրակը նաև հանդիպում կունենա սիրիական ընդդիմության հետ:

Ի դեպ, մինչ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցը Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքն այսօր գնդակոծել է երկրի հյուսիս- արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքը: Զոհերի մասին չի հաղորդվում:

Սիրիայում մեկ տարի է բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու նախագահ Ասադի ռեժիմի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, զոհվել է 7.500 մարդ: