Ահաբեկիչները արգելափակում են խնդրի կարգավորումը. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի հետ հանդիպմանը հայտնել էր, որ իրավիճակի կարգավորմանն ուղղված քաղաքական գործողությունները չեն պսակվի հաջողությամբ, քանի դեռ ահաբեկչական խմբավորումները քաոս ի մեջ են պահում երկիրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով ՍԱՆԱ սիրիական պետական լրատվական գործակալությանը:
Ըստ Ասադի` ահաբեկիչներն արգելափակում են խնդրի լուծումը, քաոսի պատճառ են դառնում և ապակայունացնում դրությունը:
«Սիրիան պատրաստ է ընդունել տեղի ունեցող իրադարձությունների լուծմանն ուղղված ցանկացած մասնավոր ջանքեր», - հայտարարել է Ասադը:
Դիվանագիտության վետերան Քոֆի Անանը ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչն է Սիրիայի հակամարտության կարգավորման գծով: Այսօր կայացել է նրա հանդիպումը այդ երկրի նախագահի հետ: Ասադ-Անան հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ: Անանը առանձին հանդիպում է ունեցել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ:
Անանը մինչ այդ հայտարարել էր, թե մտադիր է հասնել հրադադարի և տուժած շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելուն: Նա ընդգծել էր, որ իր ջանքերն ուղղված են Սիրիայի ժողովրդի համար ընդունելի լուծմանը` իշխանությունների և ընդդիմության բանակցությունների միջոցով: Նա կտրուկ դեմ է արտահայտվել որևէ արտաքին ռազմական միջամտության:
Սիրիական ընդդիմությունն իր հերթին հայտարարել է, թե արդեն շատ ուշ է երկխոսության համար և բանակցությունների ժամանակն անցել է:









