Բրեյվիկի դատը կցուցադրվի ուղիղ եթերում

12:06 • 10.03.12

Օսլոյի շրջանային դատարանը թույլատրել է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի նկատմամբ դատական գործընթացը ցուցադրել հեռուստաեթերով: Ինչպես հաղորդում է BBC գործակալությունը, դատարանի որոշման համաձայն` ապրիլի 16-ին մեկնարկող դատական գործընթացի հեռարձակումը կուղեկցվի սահմանափակումներով:

Հեռուստատեսության աշխատակիցներին չի թույլատրվի ցուցադրել վկաների մեծ մասին, ինչպես նաև «նորվեգացի հրաձիգի» ցուցմունքները: Հեռուստադիտողները կարող են միայն տեսնել մեղադրող կողմի և պաշտպանության` բացման ու ամփոփիչ ելույթները:

Բրեյվիկի գործով դատը կլուսաբանի ավելի քան 1000 լրագրող` աշխարհի տարբեր երկրներից, իսկ հեռարձակման իրավունքն ընձեռվել է Նորվեգիայի համազգային NRK հեռուստաալիքին:

Չորեքշաբթի Բրեյվիկի նկատմամբ առաջադրվել են պաշտոնական մեղադրանքներ: Հետաքննության վարկածով` անցյալ տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկը պայթյուն է իրականացրել Օսլոյի կենտրոնում` կառավարական շենքերի մոտ, ինչի հետևանքով զոհվել էր ութ մարդ: Ժամեր անց նա կրակ էր բացել Ուտոյե կղզում Նորվեգիայի իշխող Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի մասնակիցների ուղղությամբ, որտեղ սպանվել է 69 մարդ:

Ինքը` ահաբեկիչը, խոստովանել էր իր արարքը, սակայն իրեն մեղավոր չի համարում: