Գարեգին Բ–ն ընդունել է ՌԴ Ճապոնիայի դեսպանի տեղակալին
Մարտի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի լիազոր նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կեյդզի Իդեին:
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունից, զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Հայաստանի և Ճապոնիայի միջև զարգացող համագործակցությանը տարբեր ոլորտներում: Իր խոսքում Նորին Սրբությունը ի դեմս նախարարի նաև երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի իշխանություններին և ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող կարևոր աջակցության համար:
Հանդիպմանը Ճապոնիայի լիազոր նախարարը Նորին Սրբությանն է փոխանցել Ճապոնիայի իշխանությունների և ժողովրդի շնորհակալությունը` անցյալ տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի ցուցաբերած սրտակցության և զորակցության համար:
Նախարարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել նաև Ճապոնիայում կյանքի բնականոն ընթացքի վերականգնման և ողբերգության պատճառած վնասների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքերը և ներկայիս իրավիճակը:









