Դուք պետք է մոտ լինեք ժողովրդին, լուծեք սոցիալական խնդիրներ. Արթուր Չիլինգարով

17:58 • 10.03.12

ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինի ՝ Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարին ուղղված ուղերձում ամեն ինչ ասված է Ռուսաստանի կողմից վարվելիք արտաքին և, մասնավորապես, Հայաստանի նկատմամամբ քաղաքականության վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի և մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Եդինայա Ռոսիա» կուսակցության փոխնախագահ Արթուր Չիլինգարովը, որն այսօր հրավիրյալի կարգավիճակով մասնակցում էր իշխող կուսակցության համագումարին:

«Կա դիրքորոշում, կա ըմբռնում միջկուսակցական համագործակցության ոլորտում, նաև՝ պետական»,- ասաց Չիլինգարովը:
Խոսելով ՌԴ նախագահական ընտրություններում «Եդինայա Ռոսիայի» նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը պաշտպանելու՝ Ռուսաստանի հայ համայնքի որոշման մասին, Չիլինգարովը նշեց, որ այդ հարցում մեծ է եղել «Ռուսաստանի հայերի միության» և «Հայերի համաշխարհային միության» նախագահ Արա Աբրահամյանի դերը և ընդգծեց. «Առավել մեծ դեր ունեցավ նախագահ Սարգսյանը, որն առաջին իսկ օրերից ակտիվ աշխատում էր հայաստանյան սփյուռքի հետ»։

Արթուր Չիլինգարովը շեշտելով, որ շատ լավ է, որ «պատմական հայրենիքը» օգնում էր ՌԴ քաղաքացի դարձած հայերին՝ ՌԴ նախագահի ընտրոթյուններում կողմնորոշվելու հարցում, հավելեց. «Բոլորը գիտեն Վլադիմիր Վլադմիրովիչի և Դմիտրի Անատոլևիչի վերաբերմունքը Հայաստանին, հայ ժողովրդին»:

Արթուր Չիլինգարովը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում որսացել է այն ելևէջները, որ կցանկանար լսել և կցանկանար խորհրդի կարգով փոխանցել Հայաստանին, որպեսզի այստեղ հետևություններ անեն Ռուսաստանում դեկտեմբերյան ընտրությունների ոչ այնքան լավ փորձից:

«Հաղթելու համար պետք է մշտապես աշխատել, մոտ լինել ժողովրդին, լուծել սոցիալական խնդիրներ և վերակառուցվել»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիան» որոշ տարածաշրջաններում սռացավ 31 տոկոս: Այն, որ որոշ տեղերում բացարձակ մեծամասնություն չստացան, ըստ Արթուր Չիլինգարովի՝ համարում են իրենց գործունեության վերաբերյալ ՌԴ բնակչության կողմից տրված լուրջ գնահատական, որը պատրաստվում են հանգամանալից վերլուծել:
ԼՂՀ հարցում, ռուսաստանցի քաղաքական գործչի խոսքով՝ ՌԴ –ն շարունակելու է իր միջնորդական առաքելությունը, մինչև հակամարտության խաղաղ կարգավորումը:

Հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը ուղերձ կուղարկի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Արթուր Չիլինգարովը հայտնեց, որ ՌԴ ընտրված նախագահի ուղերձի մասին իրեն հայտնի է դարձել մարտի 7-ին, իսկ ի պատասխան այն դիտարկման, որ «Եդինայա Ռոսիան» և «Բարգավաճ Հայաստանն» ունեն համագործակցության պայմանագիր, ասաց. «Ուրեմն կլինի կլինի համապատասխան վերաբերմունք»: