Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արթուր Չիլինգարովին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին:
Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության՝ Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է տիար Չիլինգարովի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին և իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել հայտնի գիտնականին ու քաղաքական գործչին` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին բարձր է գնահատում նրա օգտաշատ ծառայությունն ազգային-եկեղեցական կյանքում:
Գարեգին Բ–ը և Արթուր Չիլինգարովը գոհունակությամբ հաստատել են, որ ավարտին է մոտենում Մոսկվայում կառուցվող առաջնորդանիստ եկեղեցու և հսկայական եկեղեցական համալիրի շինարարությունը, որի բացումը ծրագրվում է տարեվերջին:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ երկար սպասված համալիրի բացումը մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի հայ համայնքի կյանքում:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներ ու խնդիրներ: Մասնավոր անդրադարձ է կատարվել Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությանը Սփյուռքում հայորդիների ազգային ինքնության պահպանության գործում:









