Սողանքի պատճառով դադարեցված է ռուսական գազի մատակարարումը Հայաստան

12:29 • 10.03.12

Հյուսիս-Հարավ գազատարում տեղի ունեցած վթարի պատճառով, Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այսօր լրագրողներին է հայտնել Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալեկո Խետագուրին, ով երկրի նավթի ու գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Զուրաբ Ջանջգավայի հետ միասին այցելել է վթարի վայր:

Խետագուրիի խոսքով` վթարն առաջացել է Մամկոդա բնակավայրի մոտակայքում սողանքի հետևանքով: Ըստ նրա` սողանքը վնասել է մայրուղային գազատարի խողովակներից մեկը, ինչի վերականգնման համար անհրաժեշտ կլինի կտրել վնասված հատվածը և փոխարինել այն նորով:

«Վթարի վերացման աշխատանքներն արդեն մեկնարկել են, ենթադրաբար ռուսական գազի մատակարարումը Հայաստան կվերսկսվի մարտի 12-ի երեկոյան, ծայրահեղ դեպքում` մարտի 13-ի առավոտյան», - ասել է Խետագուրին:

Ժամանակավոր դադարեցումը խնդիրներ չի առաջացնի Հայաստանում, քանի որ երկրի գազապահեստները թույլ են տալիս բնակչությանն ապահովել գազով երկու ամիս: