Մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀԿ 13-րդ համագումարը (թարմացված)

12:03 • 10.03.12

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայաստանի հանրապետական կուսակցության» 13-րդ համագումարը։

Քիչ առաջ հաշվետու ելույթով հանդես եկավ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անդրադարձավ ՀՀԿ–ի և ընդհանրապես Հայաստանի իշխանությունների անցած 5-6 տարիների գործունեության արդյունքներին, այսօրվա խնդիրներին և վաղվա անելիքներին։

Ելույթի ամփոփիչ մասում անդրադարձել է ՀՀԿ նախկին կարգախոսին և նորովի ձևակերպել այն։
«Մենք ասում էինք` Քեզ համար Հայաստան: Հիմա արդեն հասել ենք այն հանգրվանին, երբ վստահորեն ասում ենք` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար»,- ընդգծել է երկրի ղեկավարն ու անդրադարձել հանրության մեջ առկա որոշ իրողությունների. «Մեզանում ձևավորվել է հոռետեսության և հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձևերն են, որ հնչում են հաճախ և մոտավորապես այսպես. «էս երկրում օրենք ոչ եղել է, ոչ էլ կլինի», «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու» և ընդհանրապես «էս երկիրը երկիր չի»:

Ես ասում եմ. Էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Էս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով: Էս երկիրը երկիր է, որ քանակի դեմ պարզել է որակ, նավթադոլարների դեմ պարզել է բարոյական նկարագիր ու հաղթել նաև մեր բոլորի աչքի առաջ: Էս երկիրը երկիր է, որի հետ հաշվի են նստում և հարգանքով են խոսում: Էս երկիրը երկիր է, որին կարոտում են և որի հողը համբուրում են: Էս երկիրը երկիր է, որտեղ լրջագույն փոփոխություններ են իրականացվում և որը, հակառակ ամենատարբեր խոչընդոտների, առաջ է գնում: Էս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Երբ հարկ է եղել զրոյից սկսել, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների:

Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել:
Մեր պապերն ու տատե՞րը, որ վերապրելու սխրանք գործեցին, երբ ամբողջ աշխարհը համոզված էր, թե հայերի երգը երգված է: Թե՞ սահմանամերձ գյուղի երեխաները, որ դպրոց են գնում և լավ են սովորում: Ո՞վ իրավունք ունի նայել այդ երեխաների աչքերի մեջ և ասել, թե «էս երկիրը երկիր չի»:

Ես ասում եմ. էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան ի դեմս իր ժառանգության և ունի պայծառ հայացք` ուղղված ապագային: Էս երկիրը աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է ու ավելի լավն է լինելու»,– ասաց Սերժ Սարգսյանը:

Մինչ այդ ելույթով հանդես եկավ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Ռումիանա Ժելևան, ով տեսանյութի միջոցով ներկաներին փոխանցեց ԵԺԿ նախագահի ուղերձը։ Այնուհետև ելույթ ունեցավ ՌԴ–ից «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ հայազգի Արթուր Չիլինգարովը, ով ներկաներին փոխանցեց կուսակցության առաջնորդ և ՌԴ վարչապետ և վերջին նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Պուտինի ուղերձը։

Համագումարի մասնակիցներին բաժանվել է «Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումարի բանաձև»–ը, որտեղ ներկայացված են կուսակցության՝ 2007-2012թ. անցած ճանապարհը և ապագա անելիքները։ Մասնավորապես անդրադարձ կա տնտեսական զարգացման խնդիրներին, և նշվում է, որ տնտեսական աճի նպատակադրումից անհրաժեշտ է անցում կատարել տնտեսական զարգացման հայեցակարգի և գնալ համակարգային փոփոխությունների և վերափոխման։ «Դրա համար պետք է փոխվենք մենք՝ վերափոխման առաջամարտիկները, և ՀՀԿ–ն այդ գիտակցումով է գնում ընտրությունների»,– մասնավորապես նշված է փաստաթղթում։

Բանաձևում նաև ուղերձ կա ուղղված «հայրենանվեր հասարակական քաղաքական կառույցներին ու անհատներին»՝ ՀՀԿ–ի հետ համադրելու իրենց ուժերը Հայաստանի ընդհանուր վերափոխման գործում։

Փաստաթղթում նաև հատուկ կարևորություն է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին. «Մենք առաջնայնորեն պետք է հաղթահարենք մեր հասարակությանը համակած այն հիվանդությունը, որը կոչվում է կոռուպցիա։ Այս ճանապարհին կիրառվելու են և՛ վիրահատական և՛ մյուս բոլոր օրինական մեթոդները»,– նշված է բանաձևում։

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ Սերժ Սարգսյանը ՄՀՀ է ժամանել ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի ուղեկցությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան կայացած Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ԳՄ կազմի անդամների հարցը և առաջարկվել է այսօր կայանալիք ԳՄ կազմի ընտրություններում առաջադրել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Հերմինե Նաղդալյանին, և Կարեն Ավագյանին: Բացի այդ քննարկվելու է ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանի՝ ԳՄ–ից դուրս գալու դիմումը։ Այս մասին Tert.am-ին հայտնել էր ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ նախորդ՝ 12-րդ համագումարը տեղի է ունեցել 2009թ. նոյեմբերի 28-ին: