… հանդիսատեսն էլ փափախով քո՞ւրդ. «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրեմիերայի առիթով

22:25 • 10.03.12

«Մոսկվա» կինոթատրոնում անցյալ շաբաթ կայացավ Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրեմիերան, որն այժմ շարունակվում է ցուցադրվել կինոթատրոնում: Նույն վերնագրով նույն Երնջակյանի մեկ այլ աշխատանք` բեմադրության տեսքով, վաղուց իր կայուն տեղն ուներ նրա ղեկավարած Կամերային թատրոնում: Բայց այժմ որպես ներկայացում «Հաճախորդը» հանված է Կամերայինի խաղացանկից: Փոխարենը կա ֆիլմը` բեմադրության հիման վրա, բայց փոփոխված դերասանական կազմով:

Մեծ PR-ից հետո «Հոբելյանական հաճախորդը» ի վերջո ներկայացվեց հանդիսատեսի դատին: Թվում է, Հայաստանից բացի որևէ այլ երկրում ֆիլմը դատապարտված կլիներ անխուսափելի տապալման, եթե ներկայացներ մի գործիչ, որը Երնջակյանի պես հայտնված լիներ «ոչ ցանկալի անձի» կարգավիճակում` հայտնի հանգամանքների բերումով: Կարճ ասած, Երնջակյանը սեփական վարկանիշի կտրվածքով ամենալավ ժամանակը չէր ընտրել իր աշխատանքը հանրությանը ներկայացնելու համար:
Բայց եթե փորձում ենք վերանալ անձնավորումներից, ապա բախվում ենք այն իրողությանը, որ հենց ֆիլմի ստեղծողների մոտ ամեն ինչ առավել քան անձնավորված էր. պրեմիերայից առաջ ստեղծագործական թիմը նշեց ու շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ում պարտական է ֆիլմի ստեղծման համար: Նրանք են` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը և գործարար Բարսեղ Բեգլարյանը:

Մասնավորապես հենց վերջինի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոլովակը հրամցվեց ֆիլմից առաջ: Հոլովակում ներկայացվում էր ինքը գործարարը և «Բարեպաշտ սերնդի» առաքելությունը` «Խորհենք միասին, գործենք համատեղ» կարգախոսով: Եվ եթե Հասմիկ Պողոսյանի կամ Գևորգ Գևորգյանի անունները, թեկուզ միայն ի պաշտոնե, անհամատեղելի չէին թվում այս ֆիլմի հետ, ապա «Բարեպաշտ սերունդն» ու «Հոբելյանական հաճախորդը» խիստ ու կտրուկ հակադրվում էին:

Համենայն դեպս` այն ձևաչափերում, որոնցով ներկայանում էին: Մատաղ սերնդի խիստ հայեցի դաստիարակությամբ մտահոգ «Բարեպաշտ սերունդը», թվում է, ոչ մի կերպ չէր կարող հովանավորել կոնկրետ այս ուղղվածության ֆիլմը (նախատեսված 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար), որտեղ գլխավոր խաղադրույքը, ինչպես պետք է պարզվեր, արված է էրոտիկ կողմի վրա: Առանց կեղծ բարեպաշտության և այդ առումով համաշխարհային կինոյից մերի` տասնամյակներով հետ մնալու մտահոգությամբ, պետք է նկատել, որ լավ ու առողջ էրոտիկ ֆիլմը շատ կարևոր կլիներ մեր կինոիրականության համար:
Բայց մի՞թե հայտնի դերասանուհու մասնակցությամբ սթրիպ տեսարաններն են էրոտիկայի այն ընկալումները, որ հարկավոր են մեր կինոյին:

Հանուն արդարության պետք է ասել, որ «Հոբելյանական հաճախորդի» դեպքում մենք ունենք (տեղական չափանիշներով ու անձնական գործոններով պայամանվորված) 1. համարձակ գլխավոր դերակատարուհի` ի դեմս Լուիզա Ներսիսյանի, 2. առնական և հմայիչ գլխավոր դերակատար` ի դեմս Դավիդ Կացարավայի: 3. Նաև` 3-րդ գլխավոր դերակատար` ըստ Երնջակյանի` ֆիլմի երաժշտությունը, որի հեղինակը Հայկոն է: 4. «մեսիջ» ասվածը, որն, ըստ ռեժիսորի, «կնոջ և տղամարդու հարաբերություններն են` լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի տեսքով, պատահականությունները, որոնք ի զորու են փոխել ճակատագրեր»: 5. Ինչպես նաև` ըստ Երնջակյանի` ֆիլմի այնպիսի ուժեղ կողմը, ինչպիսին է ոչ ժարգոնային հայերենը…
Եթե փորձենք գոնե հեղինակների սահմանած առաջնահերթություններով նայել այս աշխատանքին, ապա ստիպված պիտի լինենք արձանագրել, որ, իսկապես մեդալը հակառակ կողմ էլ ունի:

1.Լուիզա Ներսիսյանը, անշուշտ, գայթակղիչ դերասանուհի է` շատերի համար: Ֆիլմում նրա սեքսուալությունն ընդգծում են մինիմալիստական շորտերը և սև ներքնազգեստը: Վերջինների առիթով Լուիզան Tert.am-ին ասաց, որ մտավախություն չի ունեցել այդ տեսքով հայտնվելուց, քանի որ աշխատել է էսթետ օպերատորի հետ, որին լիովին վստահել է: Օպերատորը Սուրեն Թադևոսյանն է: Նա, իհարկե, հաջող լուծումներ ունի մի քանի դրվագների համար: Ֆիլմի ամենահաջողված տեսարաններից մեկում հերոսը հորդառատ անձրևի տակ կարմիր խնձոր է լվանում և հյուրասիրում հերոսուհուն: Օպերատորը նաև գեղեցիկ որսում է բուխարու կրակի խաղը Լուիզայի աչքերում: Շատ գեղեցիկ են այն դրվագները, որտեղ կադրում Լուիզայի հերոսուհին է` պատի վրա ուրվագծվող իր ստվերի հետ և այլն: Բայց օպերտորը չի խուսափում նաև կոպիտ սխալից (մուտքի դռան ապակիում երևում է օպերատորական տեխնիկայի լույսը): Ճիշտ չէ նաև Լուիզա Ներսիսյանին այդքան շատ կիսադեմից նկարել: Չի կարելի փայլուն միտք անվանել նաև Լուիզային «Գեղեցիկ կինը» ֆիլմից Ջուլիա Ռոբերտսի կամ առավել ևս «7-րդ տարվա մարմաջը» ֆիլմից Մերիլին Մոնրոյի հանրահայտ հերոսուհիների կերպարանքով ներկայացնելու թերևս ռեժիսորական հղացումը:

2. Գլխավոր դերակատարի ընտրությունը կարծես թե հաջող է: Կացարավան վրացի մարզիկ է, որը նաև սերիալներում ու գովազդներում է հանդես գալիս: «Հաճախորդը» համարում է լուրջ փորձառություն իր համար, բայց խոստովանում է, որ ինքը էքշըն ժանրի դերասան է: Բարետես Կացարավան, թվում է, տվյալ դեպքում լավագույն այլընտրանք է տեղական «մաչոների» մեր թեկնածուներին: Ամեն դեպքում, հայկական սերիլաներից` նույն ամպլուայում հաստատված որևէ մեկին չներմուծելը միանշանակ ողջունելի է: Բայց Կացարավայի հերոսը չէր «կայանա» առանց իր հայկական ձայնի. նրան բավականին հաջող կրկնօրինակել է տեղացի դերասան Սամսոն Ստեփանյանը:

3. Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա այս դեպքում ավելի լուրջ թերացումներ կան: Ֆիլմի կոմպոզիտոր է ներկայացվում Հայկոն, բայց առավել հաճախ և ֆիլմի գլխավոր տեսարաններում (Լուիզայի հերոսուհու սթրիպտիզի, ավարտի տեսարաններ) հնչում է Ջեյմս Բրաունի առավել քան հայտնի It's a Man's World-ը: Հնչում են հատվածներ` նաև Ռոյ Օրբիսոնի Oh, Pretty Woman-ից և Սթոթհարթ / Ռուբիի I Wanna Be Loved by You-ն: Ֆիլմի «թրիլերային» տեսարաններից մեկում էլ հնչում է Ս. Պրոկոֆևի «Ասպետների պարը»` «Ռոմեո և Ջուլիետ» բալետից: Այն, որ նման գերհայտնի գործերի պատեհ-անպատեհ տեղային կիրառումը հակացուցված է, ավելորդ է ասել: Բայց կիրառելուց հետո էլ, տիտրերում էլի կոմպոզիտորը Հայկոն է (կարող է թվալ, թե նա է նշված հայտնի երկերի հեղինակը): «Բացառություն» է արված Պրոկոֆևի համար. նրա անունը նշվում է սնունդ ապահովողների անունից հետո` ինչ-որ տեղ: Հետաքրքիր է այս դեպքում ինչ նկատի ուներ Երնջակյանը պրեմիերայի ժամանակ ասելով, որ եթե ֆիլմը դուր էլ չգա, երաժշտությունն այնքան լավն է, որ կմնա ու կմնա…

4. Գուցե ժամանակին երնջակյանական այս պատմությունը Կամերայինի բեմում այնքան էլ վատ չի նայվել, բայց այս դեպքը ցույց է տալիս, որ սեփական թատերական բեմադրությունը անձամբ էկրանավորելը այնքան էլ ճիշտ նախաձեռնություն կարող է չլինել: Կարծես թե իր աշխատանքից ոչ այնքան գոհ Երնջակյանը (որին փաստորեն Արա Արուտյունովիչ են ասում կամերայինցիները) դեռ ֆիլմից առաջ ասաց, որ սա ավելի շատ պետք է ֆիլմի պրոդյուսեր Արշալույս Հարությունյանի գործը համարել, իսկ ինքը ուղղակի «կողքից խանգարել, փչացրել, ջարդել է»:

Ֆիլմի ռեժիսորի / ռեժիսորների մեսիջը, անշուշտ, պարզ է: Այն աստիճան, որ հանդիսատեսը շատ շուտ Պավլովի (Երնջակյանի) հայտնի շնիկների պես է իրեն զգում` գրեթե օրինաչափորեն հասկանալով, թե որտեղ ինչ սպասի. որոշակի պարբերականությամբ խիստ կոնկրետ ու սահմանափակ հնարքներ են գործի դրվում: Սյուժեն առաջ տանելու համար դերակատարները կամ ծիծաղում են (թե Լուիզան, թե Դավիթը / Սամսոնը հաճելի ծիծաղ ունեն), կամ համբուրվում, կամ էլ հերոսի հեռախոսի զանգն է հնչում: Բայց ռեժիսորի գլխավոր «հաղթաթուղը» իհարկե Լուիզայի հերոսու մերկանալն է: Ընդ որում` խոսքը խիստ հարաբերական մերկանալու մասին է. ա-լա Քիմ Բեսինջեր մերկապարի տեսարանում հերոսուհին նույնիսկ հայավարի լույսերն է անջատում` ասելով, թե այդպես է սիրում:

Առհասարակ հաճախորդի կինոտարբերակի դիտումից տպավորություն է ստեղծվում, թե այդ ֆիլմը ստեղծել են կինոյի ֆանատ-գիտակներ և մեջբերումներ են արել 80-90-ականների նույն թեմաներով հայտնի հոլիվուդյան ֆիլմերից: Իր հիմնական մասով ֆիլմը թույլ աղերս ունի Միքի Ռուրկի և Քիմ Բեսինջերի մասնակցությամբ Էդրիան Լեյնի «Ինն ու կես շաբաթ» գլուխգործոցի հետ` իհարկե որպես դրա` «զուտ հայաստանյան ադապտացիա» վերապահումով:

5. Ինչ վերաբերում է ֆիլմի հայերենին, ապա ստեղծողները առավել քան մյուս դեպքերում ծայրահեղությունների մեջ են ընկել: Լրիվ թերագնահատելով մեր կիրթ խոսակցական հայերենի պոտենցիալը` հանդիսատեսին հրամցվում են պսևդոհայերեն երկխոսություններ, որոնք իրականում ոչ միայն կիրթ հայերեն չեն, այլև գրեթե բառացի թարգմանված են ռուսերեն համապատասխան արտահայտություններից և լրիվ խորթ հայերեն լեզվամտածողությանը («ես հիմա», «քիչ առաջը դա քիչ առաջ էր» և այլն): Ավելին` իրականում ֆիլմում շփվում են մի լեզվով, որով մեր իրականության մեջ խոսում են կամ քաղքենիները կամ սերիալների հերոսուհիները: Մի պահ նույնիսկ հերոսուհին հերոսին ասում է «մի փորձեք խորշել»: Միայն համատեքստից է հասկանալի, թե ինչ կարող է նկատի ունենալ հերոսուհին` բառը հաստատ ոչ իր իմաստով կիրառելով: Երկխոսություններին իրենց հերթին շատ երկար են և թատերային: Թատրոնում նման տեքստեր լսելը գուցե և հանդուրժելի է, բայց էրոտիկ ուղղվածությամբ ֆիլմում դրանք ի հաշիվ հերոսների լիարժեքության են:

Պարոն Երնջակյանի, ամբողջ թիմի և հովանավորների աշխատանքը միանշանակ ավելի շնորհակալ կլիներ, եթե մատուցվեր գոնե հեռուստաներկայացման ձևաչափով: Ի դեպ, այդ դեպքում գուցե անտեղի չէր լինի որպես վերնագիր նկատի ունենալ «Հաճախորդի» բեմադրության երկրորդ վերնագիրը: Այն է` «Ուզբեկական փլավի բաղադրատոմս» : 

 

verjin lurer

 

… հանդիսատեսն էլ փափախով քո՞ւրդ. «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրեմիերայի առիթով