40 տարի առաջ գողացված կտավները հայտնաբերվել են Իտալիայում
Իտալիայում մի տան խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են 7.5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 37 կտավ: Ինչպես հաղորդում է Lifenews.ru-ն, նկարները գողացվել էին 1971 թ.-ին, Հռոմի մեծահարուստներից մեկի տնից և վերադարձվել նրան միայն 50-ամյա մի կնոջ պատկանող երկու տների ստուգման արդյունքում:
Դրանց գտնվելու մասին ոստիկանությանը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ կինը որոշել է աճուրդի հանել կտավներից 4-ը: Աշխատանքների լուսանկարները հրատարակվել են աճուրդի տան կատալոգում:
Պարզվել է, որ կինն ու նրա ամուսինը գողացված նկարները գնել են 20 տարի առաջ: Կտավների մեջ կան այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են` Վան Դեյկի «Ասպետի դիմանկարը», Ռուբենսի «Քրիստոսը խաչի վրա» և 17-րդ դարի ֆրանսիացի արվեստագետ Նիկոլա Պուսենի «Մկրտություն»-ը:
Կնոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել գողացված ունեցվածքը պահելու հոդվածով:
40 տարի առաջ գողացված արվեստի ստեղծագործություններից հինգը մինչ այսօր դեռ չեն հայտնաբերվել:











