Արթուր Չիլինգարովը փոխանցել է Վլադիմիր Պուտինի ուղերձը ՀՀԿ-ին
Հայաստանի Հանրապետական կուսացկության 13-րդ համագումարն այսօր սկսվեց ՀՀ-ի հիմնով և Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հնչեցած Տերունական աղոթքով, որից հետո ելույթ ունեցավ ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի հայազգի անդամ Արթուր Չիլինգարովը, ով ողջունեց ներկաներին և հնչեցրեց «Եդինայա Ռոսիա»-ի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձը ՀՀԿ-ին:
«Ողջունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարի բոլոր մասնակիցներին և հյուրերին։
Ձեր կուսակցությունը, որը երկրի առաջատար քաղաքական ուժն է, գործնական ներդրում է կատարում հայ հասարակության և ազգային պետականության առաջխաղացման գործում, վաստակած հարգանք է վայելում է Հայատանի բնակչության շրջանում։
Կուսակցությունը մշտապես նպաստում է հայ–ռուսական՝ ավանդաբար բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների խորացմանը, գործընկերային ակտիվ կապեր է պահում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Արգասաբեր միջկուսակցական երկխոսություն է տարվում հարցերի մի ամբողջ լայն շրջանակի, այդ թվում օրինաստեղծ գործունեության, միջազգային խնդիրների, կադրերի պատրաստման, երիտասարդության քաղաքականության ոլորտի շուրջ։
Համագումարին ցանկանում եմ հաջող աշխատանք։ Վստահ եմ, որ դրա ընթացքում կընդունվեն կարևոր որոշումներ՝ ուղղված հայ հասարակության առջև ծառացած լայնամասշտաբ սոցիալ–տնտեսականառաջադրանքների իրականացմանը»,– Պուտինի խոսքը մեջբերեց Չիլինգարովը։
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում հաստատվել է օրակարգի նախագիծը և աշխատակարգը:
Այնուհետև ելույթ ունեցավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության փոխնախագահ Ռումիանա Ժելևան, ով իր խոսքում նշեց, որ ՀՀ-ում մի շարք դրական փոփոխություններ իրականացվել են «առաջնորդների շնորհիվ, որոնք անհրաժեշտ կամք են դրսևորել»:
«Վստահ եմ, որ քաղաքական, սոցիալական ու տնտեսական բարենպաստ ընթացքը երկիրը մոտ ապագայում կառաջնորդեն դեպի ժողովրդավարական պետության: Վերջին տարիների ընթացքում Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել ԵԺԿ անդամ դառնալու համար: Այժմ ՀՀ-ն ԵԺԿ-ի համար վստահելի գործընկեր է»,- ասաց նա։
Ռումիանա Ժելևան նաև վստահություն հայտնեց, որ ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ և արդար:
ՀՀԿ համագումարի ընթացքում ներկայացվեց նաև ԵԺԿ նախագահի ուղերձը՝ տեսագրությամբ, որից հետո ելույթ ունեցավ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:









